Էջ:Նամակ ռուսաց թագավորին 10.jpg

Այս էջը սրբագրված է

արեց, կարդաց, կարդաց, մինը դրեց, մյուսը վերկալավ, վերջը գտավ։ Ոսկե ղալամը դրեց թղթի վրա… Մի զարմացք էր որ։ Էդպե՜ս էլ գիր, էդպես էլ զորություն…

Ունկնդիրն իր հիացմունքն էր հայտնում Միրզա Դավիթից և նրա գրչից, իսքն իր հերթին անում մի պատմություն սրա իմաստությունից ու հնարագիտությունից։

— Ասենք թե անունը միրզա[1] է, բայց ադվակադից[2] էլ գիտուն է։

— Պապի, բա պատասխանը ինչո՞ւ չի գալիս…

— Այ որդիք, հենց իմանում եք թե թագավորը ունի֊չունի էդ հոգսն ունի։ Կռիվ կա, ժողովուրդին կերակրել կա։ Օրը ես հազար ասեմ, դու երկու հազար իմացի,— էդքան նամակ ու խնդիրք ա ստանում։

Հալբաթ[3] մի օր էլ մերը ձեռքը կհասնի… Բա էս թուղթն ինչի՞ համար են տվել։ Էդպես էլ վրան գրած է․ Արություն Ադամովից նամակ ռուսաց թագավորի վրա։


* * *

Եկավ գարունը։ Մի օր էլ գզիր Իբիշը ձայն տվեց, որ հարևան գյուղում ժողով կա։

— Թազա պրիստավ են դրել, ա՜յ ժողովուրդ, թազա քյոխվա են ընտրելու։ Տունը մի մա՜րդ…

Տանուտերի ընտրությանը պապս չգնաց։ Ալա եզն այդ օրը տնքում էր, նրա պնչերից ծորում էր ժահրոտ[4] լորձունք։ Պապս տաք մոխիր էր կախել եզան ճակատին, շոյում էր նրա մեջքը և փաղաքշական խոսքեր ասում։

Մի քանի օր անց, երբ հիվանդ եզը ոտքի կանգնեց, ու ոտքերը զգուշությամբ փոխելով սկսեց լիզել բակի քարերը, պապս դարձյալ նստել էր իր սովորական տեղը, աչքը հանդից տուն դարձողներին։ Ու մեկ էլ երևաց գզիրը։

  1. միրզա— գրագիր
  2. ադվակատ— (ռուս.) փաստաբան
  3. հալբաթ (արաբ.)— իհարկե, անշուշտ, անտարակույս
  4. ժահրոտ— թարախոտ