Էջ:Նամակ ռուսաց թագավորին 14.jpg

Այս էջը սրբագրված է


Հանկարծ դռները բացվեցին, երևացին մի քանի ձեռքեր, իրար խառնված մարմիններ, անթիվ փայլուն կոճակներ և այդ ամենի մեջ պապիս ալեհեր գլուխը։

Ձեռքերն իջնում էին նրա գլխին։

Ու մինչև ես բարձր կանչեցի, և ձիու սանձից բռնած վազեցի սանդուղքի կողմը,— պապս արդեն թափ էր տալիս փեշերը։ Վերևից մեկը ոտքով շպրտեց նրա սև փափախը։ Դռները նորից փակվեցին։

Մի քանի հոգի սիրտ արին և մոտեցան մեզ։ Սակայն ոչ ոք ծպտուն չհանեց։ Իսկ երբ սանդուղքի վրա երևաց ուրյադնիկը, նրանք իսկույն հեռացան։ Պապս փոշոտ գլխարկը թափ տվեց ու դարձավ ինձ․

― Ձին պահի, բալաս․․․ Պատասխանը չկա։

Բերանից արյուն եկավ։ Ես տեսա նրա ջարդված ատամը։ Արյունը թքի հետ խառնված կաթում էր նրա արխալուղի վրա։

Ձին մոտ քաշեցի։ Մեր գյուղացի մեկը օգնեց ինձ ու պապիս՝ ձին նստելու։

Մենք անխոս ճանապարհ ընկանք։

Պապս գլուխը կախել էր և ձախ ձեռքով բռնել ծնոտը։ Ես պինդ գրկել էի նրան, գլուխս հենել մեջքին։ Լսում էի ընդհատ շնչառությունը։

Նա հեկեկում էր։

Էլ չկարողացա ինձ զսպել և արցունքներս, ամբարտակը պատռած ջրի նման, ժայթքեցին դուրս։ Ես ավելի պինդ փաթաթվեցի նրա մեջքին։

Երեկոյան, երբ պապս ատամների ցավից տնքալով, հազիվ լսելի պատմում էր, թե ինչ եղավ ներսը, երբ ներկայացավ պրիստավին, երբ Մուքելանց Առստամը պրիստավի ականջին փսփսաց,— պրիստավը փրփրեց, հայհոյեց, և ոտքը գետնին տալով բղավեց․

— Ես քեզ ցույց կտամ, թե ինչ ասել է թագավորին նամակ ուղարկել։

Պապս իզուր էր փորձել թարգմանի միջոցով հայտնելու, թե ինքը ռուսաց թագավորին նամակ է ուղարկել միայն իր որդու՝ Եգոր Ադամովի մասին։