Էջ:Նամակ ռուսաց թագավորին 4.jpg

Այս էջը սրբագրված է

հետ, թե ո՞վ է եզները տանելու և ո՞վ է գնալու վարի։ Բայց ավելորդ էր մեր խոսքն ու կռիվը, որովհետև պապս արդեն որոշել էր աշխատանքը, իսկ Նազու աղջիկը մեր պաշարի կապոցները կախել էր բակի ցից փայտերից։

Եվ արևածագին սկսվում էր գյուղի ծանր աշխատանքի առօրյան։

Ձմեռն էր լավ։ Աշխատանք քիչ կար, տավարը գոմում էր, խոտն ու դարմանը՝ մարագում։ Պապս ոչ նստում էր դարբասի քարին և ոչ էլ պառկում բակի թախտի վրա։ Արև օրերին նրա փոխարեն հավերը, սառած գետինը կոխ տալով, մոտենում էին, վիզները երկարում, թռչում ու շարվում թախտի վրա, գլուխները ծածկում թևերի տակ։

Պապս քուրսու մոտից չէր հեռանում։ Նա սովորություն ուներ գյուղի հրապարակը գնալու։ Քուրսու մոտ կնստեր, բրդե շալը ուսին կգցեր ու կմտմտար, երբեմն ինքն իրեն կժպտար, բարի և անչար մարդու ժպիտով։

Մանավանդ ձմեռը հյուրն անպակաս էր։ Ով էլ լիներ, ինչ գործով էլ գար, մի օրվա փոխարեն պապս նրան պահում էր երկու, երեք օր։ Եթե հեռու գյուղերից իր վաղեմի ծանոթը, կամ թուրք «քիրվան[1]», նրան տեսության էր գալիս, մեր տունը դառնում էր հարսանքատուն։ Նստում էին մինչև աքլորականչը, պատմում անցած օրերից, վերհիշում մեռած մարդկանց, վաղուց եղած դեպքեր ու վաղեմի պատմություններ։

Մենք էլ էինք նստում այնքան, մինչև քունը հաղթեր, գլուխներս հենեինք քուրսու թախտին, մինչև տատը բոթեր մեզ, զարթեցներ ու վեր կենայինք, որպեսզի վերմակի տակ մի քիչ էլ լսեինք նրանց զրույցը։

Պապս այնքան էր պատմել իր գլխով անցածը մեզ և հյուրերին, որ հենց խոսքի կծիկը հետ տար թե չէ, մենք պիտի իմանայինք, թե որն է պատմում՝ այն, ինչ եղավ գյուղի ավերակ մատուռում, երբ ջահել ժամանակ պապս ընկերների հետ գրազ էր բռնել, գիշերով գնացել փափախը դնելու մատուռի ներսը, ու մի աղվես դուրս էր թռել, վախից պապս

  1. քիրվա (թուրք.)― բարեկամ, եղբայր