1833 թուին Մադրասաբնակ պ․ Գրիգոր Սամեան երևելի վաճառականը 20,000 ռուփի է կտակում Նոր-Ջուղայում իր անունով մի դպրոց հիմնելու։ Յաջորդ տարում հաստատւում է դպրոցը Ամենափրկչեան ս․ վանքի ծոցում (նախկին դպրոցի տեղը) և ժամանակաւոր ուսուցիչ կարգւում Յակովբ ծ․ վարդապետը։ Մի քանի ամսից յետոյ ՅովհաննԷս Բ․ առաջնորդի հրաւէրով ս․ Էջմիածնից գալիս է յայտնի գիտնական Մեսրովբ Թաղիադեանը որպէս ուսուցիչ նոյն դպրոցի։ Սա երկու տարի միայն մնալով պաշտօնում՝ հրաժարւում է, իսկ մի առ ժամանակ ևս կաղէ-կաղ կառավարուելով 1839 թուին փակման դատապարտւում։
1840 թուին, պ․ Յովհաննէս Մ․ Զօրաբեանի ջանքերով կրկին բացւում է նոյն Սամեան դպրոցը Ս․ Ստեփաննոս եկեղեցու գաւթում և իր գոյութիւնը շարունակում է մինչև 1853 թիւը, երբ Սամեան առևտրական տունը սնանկանում է և դպրոցին յատկացրուած 20,000 ռուփին ևս կորչում մէջտեղից ։
1811 թուին պ․ Բօռի անունով մի ֆրանսացի է գալիս Նոր Ջուղա և հայերէն, պարսկերէն ու ֆրանսերէն լեզուներ սովորեցնելու դիտաւորութեամբ մի դպրոց է բաց անում, ուր կարճ ժամանակում բաւականաչափ աշակերտներ ևս հաւաքւում են։ Սակայն գժտութիւն ծագելով լուսաւորչական և կաթոլիկ հայերի միջև, Խաչատուր առաջնորդը յետ է կոչւում ս․ Էջմիածին և պ․ Բօռին ևս ստիպւում է փակել դպրոցը և հեռանալ Պարսկաստանից։