Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/102

Այս էջը հաստատված է

վարժություններին: Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ, ամենին մոռանալ, Չհիշե՜լ, չխորհե՜լ, չափսոսա՜լ, հեռանա՜լ (Վ. Տ.)։ Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր... Լռությո՜ւն, լռությո՛ւն, լռությո՜ւն անսահման... (Վ. Տ.)։

ԲԱՐԴ ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ

Բարդ ստորադասական նախադասություններում առկա է կախվածությունը՝ քերականական-լրացական հարաբերությունը։ Ի տարբերություն համադասական նախադասությունների, ստորադասականի կազմի մեջ մտնող նախադասություններից մեկը (կամ մի քանիսը) գլխավոր է, մյուսը (կամ մի քանիսը)՝ կախյալ։ Գլխավորն այն նախադասությունն է, որն ունի ստորադաս՝ երկրորդական նախադասություն: Ըստ որում, այստեղ կարևորը ոչ թե գլխավորի հիմնական միտք արտահայտելն է, այլև քերականական-լրացական հարաբերություն ունենալն է։ Ստորադասական

նախադասությունը, նման լինելով պարզ ընդարձակ նախադասությանը, միաժամանակ զգալապես տարբերվում է նրանից. եթե պարզ ընդարձակը մեկ միտք է արտահայտում՝ ունենալով նաև գոյականական ու բայական բազմապիսի լրացումներ, ապա ստորադասական նախադասությունը արտահայտում է երկու և ավելի մտքեր՝ ընդգծյալ պաշտոնները դրսևորելով ոչ թե բառերի (կամ բառակապակցությունների), այլ՝ ստորադաս նախադասությունների միջոցով։ Օրինակ՝ Ջանասեր աշակերտը գնաց անտառ՝ զբոսնելու: Ընդգծվածները որոշիչ ու նպատակի պարագա են, որոնք կարող են արտահայտվել նաև առանձին երկրորդական նախադասությամբ՝ Այն աշակերտը, որը ջանասեր է, գնաց անտառ, որպեսզի զբոսնի: Պարզ է, որ բոլոր մտքերը հնարավոր չէ արտահայտել պարզ նախադասություններով։ Ուրեմն՝ բարդ նախադասությունը ծագել-առաջացել է օբյեկտիվ հենքի վրա՝ բազմակողմանիորեն արտահայտելու բոլոր տեսակի ու բնույթի մտքերը։ Այսպիսով՝ ստորոդասական նախադասության մեջ առկա են երկու