Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/107

Այս էջը հաստատված է

գործածվում է նաև հարաբերյալ, որը ձևականորեն կատարում է հատկացուցչի դեր։ Օրինակ՝ Սիրում եմ նրա բնավորությունը, ով անկեղծ մարդ է (Սիրում եմ անկեղծ մարդու բնավորությունը)։ Դարձյալ լսում ենք նրանց երգը, ովքեր եկել էին Երևանից (Դարձյալ լսում ենք Երևանից եկածների երգը)։ «Ջիգյարին գյուլլա դիպչի, ով որ քեզ սիրի, աղջի՛կ»(Հ.Թ.)։

Բացահայտիչ ստորադաս նախադասությունը մեկնաբանում-պարզաբանում է գերադասի գոյականական անդամի ով կամ ինչ լինելը։ Գերադասի ենթակաները հաճախ անձնական դերանուններ են լինում կամ գոյականներ, որոնք ստորադաս նախադասությունների հետ կապակցվում են ով, ինչ, որ և այլ հարաբերական բառերով։ Օրինակ` Մենք, որ Ձեր աշակերտներն ենք, չենք մոռանա Ձեզ։ Դու, որ երեկվա մանուկն ես, մեծ-մեծ խոսելու իրավունք չունես։ Նարեկացին, որ հայ Վերածննդի հիմնադիրն է, հավերժ կապրի։

Մասնավորեցնող բացահայտիչները կոնկրետացնում են գերադասի տեղի ու ժամանակի պարագայի արտահայտած իմաստները։ Օրինակ` Վաղ առավոտյան, երբ աքաղաղը դեռ չէր կանչել, դուրս եկանք տնից։ Գյուղից այն կողմ, որտեղ տարածվում էին հանրային դաշտերը, այժմ նոր քաղաքի հիմքն են գցում։

ԽՆԴԻՐՆԵՐ

Ուղիղ խնդիր լինում է այն դեպքում, երբ գլխավոր նախադասության բայ-ստորոգյալը ներգործական սեռի է և կրող խնդիր է պահանջում։ Ընդ որում, այս պարագայում գերադասում հաճախ լինում են հարաբերյալ-ձևական ուղիղ խնդիրներ (այս, այդ, այն, այն ամենը, այն բանը, այն բոլորը, այն ամենքին և այլն)։ Օրինակներ՝ Շատ եմ սիրում, երբ ինձ հետ մարդիկ վերաբերվում են ճիշտ ու ազնվաբար: Քիչ առաջ իմացանք, որ ճամբար են մեկնել մեր դասարանցիները: Նրանք գնեցին այն ամենը, ինչ անհրաժեշտ էր ճամբարի համար: Հեռացրին բոլոր նրանց, ում անունները գրված չէին ցուցակում: Գիտեմ՝ քեզ չեն մեղադրի: Ասում են՝ տղաները վերադարձել են դաշտից:

Ասացական, իմացական, մտածական և այլ բայեր, համապատասխան իրենց իմաստին (բնույթին), կարող են նաև վերաբերության խնդիր առնել (իմացանք, մտածում ենք, գիտենք, պատմում էին... Ի՞նչ և ինչի՞ց՝ ինչի՞ մասին):

Հանգման և մատուցման խնդիր լինում է այն դեպքում, երբ գերադաս նախադասությունը գերազանցապես ունենում է ձևական հանգման և մատուցման խնդիրներ (սրան, դրան, նրան, այն բանին, այն ամենին և այլն)։ Օրինակներ՝ Մենք ողջունեցինք նրանց, ովքեր եկել էին մեր հանդիսավոր երդմանը։