Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/109

Այս էջը հաստատված է

ումից միշտ երկյուղել է: Պարտեզը ծածկվեց այն ամենով, ինչ ցանկանում էի աճեցնել:

Պատահում են, սակայն, դեպքեր, երբ գլխավորի բայ-ստորոգյալը կրավորական սեռի չէ, բայց ստորադասը կատարում է ներգործող պաշտոն։ Օրինակ` Երեխան ամաչում է նրանցից, ովքեր նայում են իրեն:

Արտակը վախենում էր նրանից, ով դիմակով էր:

Վերաբերության անուղղակի խնդրի դեպքում գերադաս նախադասության մեջ հաճախ լինում են այդ պաշտոնը ձևականորեն կատարող հարաբերյալները՝ սրանից, դրանից, նրանից, սրանցից, նրանցից, այն ամենից, այն բոլորից... ինչպես նաև՝ այդ հարաբերյալների սեռական հոլովով և մասին, վերաբերյալ, շուրջ ու վերաբերական մյուս կապերով կազմված կառույցներ։ Ըստ որում, գերադասի բայ-ստորոգյալները լինում են հիմնականում ասացական բայեր։ Օրինակ՝ Մենք զրուցում էինք նրանից, թե երբ է աշխարհում լինելու կայուն խաղաղություն: Վետերանները խոսում էին նրանց մասին, ովքեր ընկել էին պատերազմի դաշտում: Ուսուցիչը հանձնարարեց շարադրություն գրել, թե ով ինչպես է պատկերացնում գեղեցիկը:

ՊԱՐԱԳԱՆԵՐ

Ժամանակի.— Ժամանակի պարագա ստորադաս նախադասությունը հեշտորեն զանազանվում է շաղկապներով ու շաղկապական բառերով՝ երբ, հենց, քանի (որ), քանի դեռ, մինչ, մինչև, որ, թե չէ և այլն։ Օրինակ՝ Երբ գալիս ես դասի, նա միշտ հետևում է քեզ։ Սուրենը, քանի դեռ չէր անցել աշխատանքի, գործնական մարդու տպավորություն չէր թողնում։ Դռները միշտ փակ պահեք, հենց որ քամի բարձրանա:Դրուժինայի նախագահ նշանակվեց՝ բնավորությամբ ավելի համակրելի մարդ դարձավ։ Տեղ հասնեմ՝ նամակ կգրեմ քեզ:

Նշենք նաև, որ անշաղկապ կապակցությունները ավելի շատ հատուկ են ժողովրդախոսակցական լեզվին։

Տեղի.-Լինում է այն դեպքում, երբ բարդ ստորադասական նախադասության մեջ սովորաբար առկա են այնտեղ... որտեղ, այնտեղից...որտեղից, այնտեղ... ուր, այնտեղով... որտեղով և այլ հարաբերյալ-հարաբերական բառերը։ Օրինակ՝ Մեր ջոկատը գնաց այնտեղ, որտեղ պիոներները վրաններ էին խփել: Գունդը շարժվեց այնտեղով, որտեղով անցել էր Թամանյան դիվիզիան: Այնտեղ, ուր մեկնել էին զինվորները, հսկում էին արծվատես սահմանապահները։ Փախստականները հեռացան՝ որտեղից եկել էին: