Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/110

Այս էջը հաստատված է

Այսպիսի շարահարական կառուցվածքները առավելապես հատուկ են ժողովրդախոսակցական լեզվին։

Ձևի.- Լինում է այն դեպքերում, երբ բարդ ստորադասական նախադասության մեջ սովորաբար առկա են այնպես... ինչպես, այն ձևով... ինչպես որ և նման հարաբերյալ-հարաբերականները։ Օրինակներ՝ Աղջիկն այնպես խոսեց, ինչպես սովորեցրել էինք։ Արտակն այնպես է աշխատում, ինչպես կարգադրված էր:

Նման դեպքերում հաճախ էլ գործածվում են ասես, կարծես և նման այլ եղանակավորող բառեր, ինչպես՝ Հասմիկն այնպես է քայլում, ասես սիրամարգ լինի: Նա այնպես է խոսում, կարծես ոչինչ չգիտի:

Չափի.— Լինում է այն դեպքերում, երբ բարդ ստորադասական նախադասության մեջ սովորաբար առկա են այնքան... որքան, այնչափ... որչափ, այն աստիճան... որ, այնքան... որ հարաբերյալ-հարաբերականները։ Օրինակ՝ Նա այնքան աշխատեց, ինչքան պետք էր իրեն։ Արամն այն աստիճան քրտնել էր, որ ասես լողացած լիներ։

Պատճառի.— Պատճառի պարագա ստորադաս նախադասությունները գերադասի հետ սովորաբար կապվում են որովհետև, քանի որ, քանզի, ինչ է թե (թե ինչ է), մանավանդ որ և այլ շաղկապներով, ինչպես, օրինակ՝ Որովհետև սաստիկ հոգնած էր, տուն հասնելուն պես պառկեց ու քնեց։ Քանի որ հիվանդ էր, աշխատանքի չգնաց։ «Ես ներում եմ քեզ, ներում եմ էլի, Քանզի խեղճ ես դու և ոչ թե չար» (Ե․Չ․)։

Պատճառի պարագա ստորադաս նախադասություններում երբեմն էլ գործածվում են նրա համար, այն պատճառով կապային կառույցները, որոնք, սակայն, հիմնականում հանդես են գալիս ժողովրդախոսակցական լեզվում, ինչպես՝ Նրա համար եմ զայրանում, որ քո մասին բոլորովին չես մտածում:

Այսպես էլ՝ անշաղկապ կառուցվածքները՝ «Տանը խռովել էր՝ հանդում մոշ չէր ուտում», «Արտը՝ խախուտ, մանանան՝ կարկուտ» և այլն։

Նպատակի.— Նպատակի պարագա ստորադաս նախադասությունների գերադասների հետ սովորաբար կապակցվում են որպեսզի, որ շաղկապներով, ինչպես նաև անշաղկապությամբ։ Օրինակ՝ Ամեն ջանք գործադրում էր, որպեսզի նպատակին հասնի: Մտանք պարտեզ, որպեսզի թարմանանք: Նստեցի դասախոսության, որ այն սղագրեմ: Մտան խանութ՝ ծխախոտ գնեն ու շուտ վերադառնան:

Հիմունքի.— Հիմունքի պարագա ստորադաս նախադասությունները գերադասների հետ կապակցվում են հիմնականում որովհետև, որ, չէ՞ որ, քանի որ, մանավանդ որ շաղկապներով։ Օրինակ՝ Արամը «գերազանցներ» էր ստանում, որովհետև ամեն օր հետևողականորեն աշխատում էր: Քանի որ կնքված էին փաստաթղթերը, մենք նրա գոոծն ընդունեցինք։ Որ շատ լավ էր աշխատում, մենք նրան հարգում էինք: Քանի որ խոսք եմ տվել, չեմ կարող մերժել նրա խնդրանքը: