Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/111

Այս էջը հաստատված է

Սակավ դեպքերում հիմունքի պարագա ստորադաս նախադասություններում գործածվում են որքան, որքանով (որ), ինչպես դերանունները: Օրինակ՝ Որքան գիտեմ, նա դեռ չի վերջացրել համալսարանը, Ինչպես հայտնի է, երկրագունդը պտտվում է իր առանցքի շուրջը, Ինչքան ես գիտեմ, Արամն արդեն աշխատում է։

Սրանք գործածական են հատկապես ժողովրդախոսակցական լեզվում: Այսպես էլ շարահարական կառուցվածքները, ինչպես՝ Բոլոր չափահասները մեկնեցին բանակ՝ ծանուցագրեր էին ստացել[1]։

Հակառակ հիմունքի (զիջման).— Այս պաշտոնը կատարող ստորադաս նախադասությունները գերադասի հետ կապակցվում են թեև, թեպետ, թեպետև, փոխանակ, թեկուզ, թեկուզև, չնայած որ, որքան էլ, էլ, ինչքան էլ և այլ շաղկապներով։ Օրինակ՝ Չնայած որ սաաոիկ հոգնած էր, այդուհանդերձ աշխատում էր սրտով ու ավյունով։ Թեև դպրոց դեռ չէի գնում, բայց վարժ կարդում էի։ Որքան էլ զբաղված էի լինում, ժամանակ էի գտնում՝ կարդալու օրվա թերթերը։ Մենք նրան շատ էինք սերում, թեկուզև մեր նկատմամբ ինքն անտարբեր էր: Որքան էլ խնդրեինք, չէր լսում մեր աղաչանքները։ Փոխանակ դասերը պատրաստի, անընդմեջ զբաղվում էր ֆուտբոլ խաղալով։

Այսպիսի ստորադաս նախադասությունները գերադասի հետ երբեմն էլ գործածվում են շարահարությամբ։ Օրինակ՝ Ասես կամ չասես, մեկ է, չի լսում քեզ։ Լավ էր նախապատրաստվում՝ անհաջողություն էր կրում, անպատրաստ էր ներկայանում՝ արդյունքի էր հասնում։

Սրանք գործածական են ժողովրդախոսակցական լեզվում։

Պայմանի.— Պայմանի պարագա ստորադաս նախադասությունները գերադասների հետ կապակցվում են հիմնականում եթե, թե, թե որ, եթե միայն, քանի, քանի դեռ, քանի որ, որ և այլ շաղկապներով։ Օրինակ՝ «Եթե ուզեն, արևներին նոր տեմպ կտան ու նոր ուղի» (Ե. Չ.)։ Այսօր, քանի որ շատ ցուրտ է, պիտի հագնես վերարկուդ։ Խոստումդ կկատարեմ, միայն թե ինձ լավ լսիր: Քանի որ դասերը չեն սկսվել, Արմենը արձակուրդից չի վերադարձել։

Պայմանի պարագա ստորադաս նախադասությունը երբեմն էլ գերադասի հետ կապակցվում է շարահարությամբ, ինչպես՝ Հարցնես՝ կպատասխանի, չխոսես՝ լուռ կնստի ու կմնա։ Տաս՝ կուտի, չտաս՝ ոչինչ չի պահանջի։ Լավ աշխատես՝ արդյունքի կհասնես, չաշխատես՝ ոչինչ չես ստանա։ Այսպիսի նախադասությունները ևս մեծ մասամբ գործածական են ժողովրդախոսակցական լեզվում։

Հետևանքի.— Ի տարբերություն մյուս ստորադաս նախադասությունների, հետևանքի պարագա ստորադաս նախադասությունները լրացնում են գերադասների ոչ թե այս կամ այն անդամին, այլ՝

  1. Այսպիսի ստորադաս նախադասությունները գերադասներից բաժանվում են նաև միջակետով։