Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/119

Այս էջը հաստատված է

անջատական, համեմատաբար թույլ հնչերանգ ունենալով (անպայման կապված խոսողի վերաբերմունքի ու նպատակի հետ)՝ նրանք տրոհվում-կտրվում են շարահյուսական կոնկրետ պաշտոն ունեցող «մաքուր» քերականական միավորներից։ Արդ՝ ինչո՞ւ և ե՞րբ են կիրառվում միջանկյալ նախադասությունները։ Նրանք կիրառվում են, եթե գործածվում են նախադասության, նրա որևէ անդամի վերաբերյալ լրացուցիչ, կողմնակի, ճշտող մեկնաբանող և այլ տեղեկություններ տալու, ինչպես նաև խոսողի բազմազան վերաբերմունքներն արտահայտելու և, երկրորդ, բարդ նախադասությունը ոճական անհարթությունից զերծ պահելու համար։ Օրինակներ՝ Ինչպես հայտնի է[1], երկրագունդը պտտվում է իր առանցքի շուրջը։ Երկրագունդը պտտվում է իր առանցքի շուրջը, ինչպես վաղուց արդեն հայտանի է: Երկրագունդը, ինչպես արդեն հայտնի է, պտտվում է իր առանցքի շուրջը։ Այս մարդը, ասում են, ժամանակին ղեկավարել է դիվիզիաներ, եղել հրամանատար։ Այս տարի, ինչ ուզում է թող լինի, պիտի մեկնեմ Մոսկվա՝ բուժվելու։ Նա գիշերով զգուշությամբ մտավ Մարգարիտի ննջասենյակը և, հասկանալի է, լույսը հանգցրեց, որպեսզի ոչ ոք չտեսնի իրեն։ Որքան ինձ հայտնի է, նա դեռ չի հանձնել ոչ մի քննություն։ Արամը, եթե կարելի է այսպես արտահայտել, դեռ հասու չէ՝ այդպիսի բարդ հարցեր լուծելու համար: Համազասպը, աստված ոչ անի, եթե իմանա քո գնալու մասին, ինձ կպատժի։ Արտեմը, ճշմարիտ է, լավ բանաստեղծ է, բայց շատ է տուրք տալիս վերացականությանը։

Միջանկյալ նախադասությունները առհասարակ գործածվում են ամենից շատ միջադաս և վերջադաս, քան առաջադաս շարադասությամբ։ Ընդ որում, նախադաս գործածվելիս ավելի ընդգծվում, որոշակիանում է նրանց քերականական դերը (Ինչպես գիտենք, այս կողմերում նա երևացել է...)։ Դժվար չէ նկատել, որ այսպիսի շարահյուսական միավորները, ինչպես վերը նշվեց, քերականական, հետևաբար և՝ հնչերանգային կապ ունենալով բուն նախադասության հետ, առնվում են ստորակետերի մեջ։

Ի տարբերություն դրանց, ներդրյալ նախադասությունները, բացարձակապես կտրված լինելով հիմնական նախադասությունից և՛ քերականորեն[2], և՛ հնչերանգով, առնվում են փակագծերի մեջ։ Դրանց անկախությունն այնքան զգալի է, որ ցանկացած դեպքում կարելի է «կտրել» «մայր» նախադասությունից և գործածել որպես ոչ թե միջանկյալ (ներդրյալ), այլ անկախ, ինքնուրույն նախադասություն։ Ներդրյալ նախադասությունները

  1. Հիմունքի պարագայի նրբերանգ էլ ունի։
  2. Խոսքը չի վերաբերում, ասենք, այն երկրորդականներին (և ոչ միայն նրանց), որոնք խոսողի, գրողի ցանկությամբ կարող են անկարևոր դիտվել՝ առնվելով փակագծերի մեջ՝ Հասմիկը (որ մի ժամանակ իմ հարևանուհին էր) դարձել է հայտնի դերաանուհի