Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/120

Այս էջը հաստատված է

պարզաբանում են «մայր» նախադասությունը, նրա այս կամ այն անդամը, կողմնակի հաղորդում տալիս դրանց մասին։ Նրանց միջոցով որոշակիորեն է արտահայտվում խոսողի վերաբերմունքը և այլն։ Օրինակներ՝ Այդ օրը (էլի պիտի ջղայնանաս վրաս) դու ճիշտ չվարվեցիր ինձ հետ։ Գրիգորյանը (նա մի ժամանակ Ադամյան-Գրիգորյան էր գրվում) վաղուց է տեղափոխվել Բաքվից։ Մինչև այսօր (պատկերացնում ես ինչպիսի՜ անհոգ մարդ է) իր երեխաների երեսը չի տեսել։ Պատերազմը (Ա՜խ, Սուրե՜ն, Սուրե՜ն, արդյոք ո՞ւր ես, կենդանի՞ ես, թե ոչ) շատ մարդկանց կյանքը տարավ, այրիացրեց բազմամիլիոն կանանց (խեղճ հայուհիներ, իբր թե ե՞րբ եք լավ օր տեսել)։ Դե որ ասում եք, սկսեմ (նա պահանջեց ծխախոտ ու լուցկի, նստեց իր թախտին ու բացեց պատմությունների կծիկը)։ (Նախապես ներողություն ենք խնդրում ընթերցողից՝ գրքում տեղ գտած թերությունների համար), իսկ հիմա սկսենք, ընկերնե՛ր...

Նախադաս միջանկյալ (ներդրյալ) նախադասությունները գերազանցապես գործ են ածվում դրամատիկական երկերում։ Հայ գեղարվեստական գրականության մեջ ու մամուլում նրանք հաճախ «մայր» նախադասություններից անջատվում են ստորակետ-գծով, ստորակետերով, փակագծերով և այլն, որ, իհարկե, ճիշտ չէ, որովհետև՝

1. Վերանում են այն սահմանները, որոնք առկա են միջանկյալ և ներդրյալ նախադասությունների միջև։

2. Կորչում է միևնույն երևույթի ճիշտ արժեքավորման միասնական մոտեցումը (կետադրելը դառնում է կամածին)։

3. Դժվարանում է ուսուցումը (մտապահումը)։

4. Գնահատելը դառնում է սուբյեկտիվ, մոտեցումը՝ տարբեր։

Այսպիսով՝ ներդրյալ նախադասությունները պարտադիր կերպով պետք է առնել փակագծերի մեջ, ինչպես, օրինակ Ատոմ Յարճանյանը (Սիամանթոյի գրական անունն է) խոշոր բանաստեղծ է։ Կարինեին կանչեցի (նա չէր սպասում դրան) և նախատեցի՝ դասերից բացակայելու համար։ Օրը (մայիսի 5-ն էր) լի էր խինդով ու լույսով։

Հարկ է նշել նաև, որ կան դեպքեր, երբ ստորադաս նախադաությունները, ներդրյալ նախադասություններ լինելով, առնվում են փակագծերի մեջ։ Դրանով գրողը բոլորովին երկրորդաբար է գործածում այդ նախադասությունները։ Օրինակ՝ Ես մինչև անգամ հավատացած էի, թե Գարեգինը սիրում է ինձ նույն չափով, որ չափով որ ես իրեն (թեպետ տանջող մտածմունքների ժամանակ հակառակն էի կարծում)— Մուրացան։ Օշափը (որովհետև նրա միայն երկու գլուխներն էին մրափած) իր ճանկերից բաց չէր թողնում որսած զոհի արյունոտ մնացորդները (Ղ. Աղայան)։ Զազունյանի վրա սիրահարվելով (թեև նա այդ բանին ոչ մի կերպ չէր ուզում հավատալ)՝ նա իրեն կատարելապես մենակ էր զգում (Ն.—Դ.)։ Մասնակի