Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/121

Այս էջը հաստատված է

շարադասական փոփոխությունների ենթարկելուվ՝ այս և սրանց նման շատ նախադասություններ կարելի է դարձնել ստորադասական։ Դառնալով ստորադաս նախադասություններ՝ նրանք փոխում են իրեց հնչերանգը և ներկայացվում են ոչ թե փակագծերով, այլ ստորակետերով։ Հեղինակները, սակայն, տվյալ դեպքում այդպես չեն վարվել, որովհետև կարևոր են համարել լրացուցիչ, երկրորդաբար կիրառված մտքեր արտահայտելը։ Ահա թե որքան կարևոր է խոսողի վերաբերմունքը։ Բոլոր դեպքերում, եթե խոսողը ետին պլան է մղում երկրորդական նախադասության արտահայտած միտքը, չի կարևորում դա, այլ լրացուցիչ, ավելորդ անգամ տեղեկացնելու նպատակով է գործածում, ապա նրանց փոխարեն գործ է ածում ներդրյալ-միջանկյալ նախադասություններ։ Ավելացնենք, որ ներդրյալ կոչված նախադասությունները կարող են լինել նաև համադասական և ստորադասական... Ընդ որում, դրանք կարող են գործածվել թե՛ շաղկապներով, թե՛ շարահարությամբ։ Բերենք ևս մի քանի օրինակներ՝ Չե՞ն գտնվի արդյոք Վարդանի նման մարդիկ (իսկ Վարդանն իմ աչքում ահռելի հեղինակություն է, բոլորի կողմից պաշտված անձնավորություն, որ ասես սրբություն է դարձել իր ազգի համար)։ Դավիթը ներս մտավ շփոթված (նրան ինչ-որ բան էր պատահել, սակայն թաքցնում էր բոլորից) և առանց բարևելու նստեց բազկաթոռին (բազկաթոռը հոր նվերն էր որդու տարեդարձին, որ վերջերս նշվեց մեծ շուքով)։

Այսպիսով՝

միջանկյալ կոչվում է այն նախադասությունը, որ քերականորեն չի կապվում հիմնական նախադասության հետ և նրանից անջատվում է ցածրատոն հնչերանգով։