Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/128

Այս էջը հաստատված է
ՊԱՏՎԻՐԱՆ Լ-ԻՆ

Քեզ եմ դիմում, ի՜մ ԼԵԶՎԱԳԵՏ
Սատարիր դու քո մայրենին,
Նա մեր ճամփի լույսն է պայծառ
Մեր գոյության սպեղանին։
Այս դժնդակ թոհուբոհում
Կկործանվենք, ի՛մ քաջազուն,
Եթե արյամբ չպահպանենք
Մեր հնաբառ հայոց լեզուն:
Նա է մոր պես ազգին պահել
Ու փոխանցել այս նոր դարին,
Ուր նրա դեմ սուր են ճոճում
Ու թույն խառնում քաղցր բառին։
Սիրիր նրան աչքերիդ պես,
Մաքրիր օտար մոլախոտից,
Որ նա շողա լույսերի մեջ
Մեր երազի ու կարոտի։
Սովորիր դու նոր լեզուներ,
Բայց նախ քոնը լավ իմացիր,
Որ բաբախուն արյունն է տաք
Էության մեջ քո հայեցի:
Հոգ տար, որդի՛ս, դու առավել,
Որ գնալով հարստանա,
Դառնա ճկուն ու դառնա ճոխ
Եվ մշտապես քոնը մնա։
Իսկ թե փորձեն սրի զոռով
Քո բերանից լեզուն պոկել,
Մեր նախնյաց պես իմացիր դու
Սրի ճամփան սրով փակել։
Հայոց լեզուն Հայաստանն է՝
Մեր սարերը, մեր երկինքը,
Որ չի կարող մեզնից խլել
Նույնիսկ վերին աստվածն ինքը։
Պ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԲԱԶՄԱԿԻ ԱՆԴԱՄՆԵՐ, ԴԵՐԲԱՅԱԿԱՆ ԴԱՐՁՎԱԾ
ՎԱՅՐԷՋՔ

Քառասուն տարի բըռնած ճանապարհ՝
Շիտակ, անվեհեր
Գընում եմ ես,
Դեպ Անհայտը սուրբ, աշխարհքը պայծառ։
Քառասուն տարի ճամփովն ահարկու
Անցել եմ էսպես
Ու հասել եմ ես,
Խաղաղությանն եմ հասել ես հոգու։