Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/14

Այս էջը հաստատված է

էլի»... «Ա՛յ տղա, դե վեր կաց, է՛» (Հ.Թ.): Այս բնույթի նախադասություններում հաճախ էլ բայ (կամ դիմավոր բայ) չի լինում, սակայն, քանի որ դրանք արտահայտում են դիմում, կոչ, հրաման, հորդոր, պահանջ և այլն, ուստի արժեքավորվում են իբրև հրամայական երանգի նախադասություններ (անդեմ)՝ Արտագրե՛լ բայերը և որոշել նրանց եղանակը և ժամանակը: Բարձրացնե՛լ ուսման որակը: Լռությու՛ն: Պիոներնե՛ր, զգաստ:

Դժվար չէ նկատել, որ այս և ուրիշ երանգի նախադասությունները և ըստ կառուցվածքի կարող են լինել թե՛ պարզ, թե՛ բարդ։

ՀԱՐՑԱԿԱՆ ՆԱԽԱԴԱՍՈԻԹՅՈԻՆ

Հարցական բնույթի նախադասություններն արտահայտում են հարցում՝ ամենաբազմազան նրբերանգներով։ Ամենից առաջ այդպիսի նախադասություններում առկա է լինում հարցական երանգը՝ որևէ տեղեկություն իմանալու կամ իմացածը լրացնելու նպատակով։ Ճիշտ է հարցական նախադասություններում ամենից շատ հարցական երանգը կրում են դիմավոր բայերը (չէ՞ որ ամեն մի նյութական-դիմավոր բայ կարող է անկախ նախադասություն կազմել), այսուհանդերձ, նախադասության այլ անդամները ևս ավել կամ պակաս չափով կարող են ստանալ հարցական երանգ կապված տրամաբանական շեշտի (շրջուն շարադասություն) հետ։ Հարցական նախադասությունները բնականաբար ենթադրում են նաև պատասխանական նախադասություններ: Այսպես.

— Կատարե՞լ ես տնային հանձնարարությունները:

— Այո՛, իհարկե։

— Չե՞ս մոռացել ասածներս:

— Ո՛չ:

Այսպիսի հարցումն իրավամբ կոչվում է ուղղակի: Հարցական նախադասությունները հաճախ ուղեկցվում են հարցական դերանուններով, եղանակավորող բառերով և այլն, որոնք իրենց վրա են կրում հարցական երանգը, հետևաբար և հարցական նշանը։ Օրինակներ՝ «Ինչո՞ւ չես խոսում, իմ օր ու արև, կյանք ու ջան որդի: Դու իմ գերեզմանն ինչո՞ւ ես խլում...» (Հ. Թ.)։ Ո՞ւր են տանում ճամփաները:

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՛հն է արդյոք, թե՞ նինջը քեզ
Պատել, պայծա՛ռ Նաիրի (Վ. Տ.):

Հարցումը կարող է լինել նաև հռետրական կամ ճարտասանական նրբերանգի։ Այսպիսի հարցումը բովանդակությամբ հաստատական է, քանի որ խոսողը ոչ թե պատասխանի է սպասում, այլ ինքը գիտի իր