Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/17

Այս էջը հաստատված է

ամենուրեք։ Ամեն լսածի չեն հավատա: Մի՛ խուսափիր հասարակական աշխատանքներից:

Դժվար չէ նկատել, որ անենթակա նախադասությունները ոչ միայն խոր ու դաստիարակչական միտք են արտահայտում, այլև պատկերավոր են և ունեն ոճական որոշակի արժեք։

գ) Անենթակա նախադասություններն առաջանում են նաև որոշ իմացական բայերի (հատկապես ներգործական և կրավորական սեռի) խոնարհված ձևերով, ինչպես, օրինակ՝ ասում են, խոսում են, նաոում են, ցրում են, հաղորդում են, պատասխանում են, ասվել է, նշվել է, ենթադրում է, պարզվեց, ստացվեց, պարզաբանված է, նկատվել է և այլն (Այդ մասին շատ է գրվել, Այդ հարցի վերաբերյալ շատ է խոսվել)։

դ) Հայերենում կան մի շարք միադիմի կառուցվածքներ, որոնք հանդես են գալիս որպես գլխավոր նախադասություններ, որոնց ստորադաս նախադասությունները ենթակայի պաշտոն են կատարում։ Այդպիսի նախադասությունները երկու տեսակ են լինում՝ բայական (թվում է, երևում է, կարող է պատահել, դուրս է գալիս…) և անվանական-բայական (լավ է, ճիշտ է, հաճելի է…)։ Վերջինս շատ է տարածված։ Այդպիսի անենթակա նախադասությունները ձևավորվում են համապատասխան վերացական գոյականներով ու ածականներով և էական բայով՝ ասպետություն է, հիմարություն է, հերոսություն է, ազնվություն է, մեծահոգություն է, հիանայի է, աններելի է, անկարելի է, վատ է, գովելի է, հայտնի է... (Հայտնի է, որ աշխարհի ամենաջրառատ գետը Ամազոնն է)։

Խոսակցական լեզվում անորոշ դերբայի սեռական հոլովաձևով և էական բայով ևս ձևավորվում են անենթակա նախադասություններ (Ժլատին խղճալու չէ, Հիմար մարդուց նեղանալու չէ...)։

Անենթակա նախադասություններ են կազմում նաև որոշ չեզոք սեռի բայեր, ինչպես, օրինակ՝ Մթնում լավ է քնվում, Թաց տեղը չի նստվում և այլն։ Սրանք ժողովրդախոսակցական երանգ ունեն, հետևաբար հանձնարարելի չեն։

Անենթակա են համարում այն նախադասությունները, որոնցում առկա է մարդ բառը (Մարդ մեծահոգի կլինի, Մարդ միայն լավություն պիտի անի): Այստեղ, սակայն, առկա է քերականական համաձայնությունը. դրանք փաստորեն երկկազմ նախադասություններ են, որտեղ մարդ բառը, անշուշտ, ենթակա է։

Անենթակա նախադասությունների բայ-ստորոգյալն արտահայտվում է գերազանցապես 2-րդ, սակավ՝ 1-ին և 3-րդ դեմքերի բայաձևերով։ Ըստ որում, շատ ավելի սահմանափակ է կիրառվում 1-ին դեմքը (Գոգումդ նստեմ՝ մորուքդ փետեմ, «Ծնվում ենք ակամա, ապրում՝ զարմացած, մեռնում՝ կարոտով»— Սաադի)։

Անենթակա նախադասությունների բայ-ստորոգյալները արտահայտվում