Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/19

Այս էջը հաստատված է

հնչերանգով (տրամաբանական ստորոգման «ցուցիչը»)։ Ընդսմին, այս հնչերանգը գրության մեջ դրսևորվում է շեշտի, հարցականի ու բացականչականի միջոցով, և հնչերանգային ավարտվածության շնորհիվ դերբայը կամ վերջինս իր լրացման ու լրացման լրացումների հետ դառնում է յուրահատուկ նախադասություն։ Օրինակներ՝ Չծխե՛լ: Որոշել բայի սեոը: Բարձրացնել կուրսի առաջադիմությունը: Մի՞թե ներել նրա նման մարդուն:

Նախադասություններում, որոնցում չկա հնչերանգի որոշակի ընդգծվածություն (սովորական պահանջն է մղված առաջին պլան), դերբայը չի կրում համապատասխան գրային նշաններ (Արտագրել տեքստում եղած բոլոր դերբայները: Որոշել նրանց տեսակը։ Խմբավորել բայերն ըստ իրենց սեռերի...):

Բերված օրինակներում ևս դժվար չէ նկատել կենտրոնական անդամը՝ անորոշ դերբայը, որով արտահայտվում են բայական անդեմ նախադասությունները։ Ըստ կառուցվածքի այս նախադասությունները ևս կարող են լինել պարզ և բարդ: Պարզ համառոտ՝ Շարվե՜լ: Ցրվե՜լ: Պարզ ընդարձակ՝ Աշխատանքի ժամին կողմնակի գործով չզբաղվել: Պայքարել հանուն կայուն խաղաղության:

Ի դեպ, երբեմն էլ դերբայը կարող է զեղչվել, որը, սակայն, մտքից հասկացվում է՝ հատկապես հնչերանգի շնորհիվ (Ոտքի՜։ Իմ ետևի՜ց, տղանե՛ր):

Դերբայական անդեմ նախադասություններն ըստ երանգի (կամ բնույթի) լինում են՝ պատմողական. Առավոտյան վեր կենալ: Անկողինը հավաքել: Երեխաներին հագցնել: Նախաճաշ պատրաստել: Երեխային տանել դպրոց.— ահա նրա ամենօրյա գործը։

Հրամայական. Պատրաստվե՛լ թռիչքի: Երեխանե՜ր, շտապ անցնել դիրեկտորի աշխատասենյակը: Հարցական. Ո՞ւր գնալ սովորելու: Լինե՞լ. թե՞ չլինել: Արդյոք հայտնե՞լ իսկությունը: Բացականչական. Մոռանա՜լ, մոռանա՜լ: Ամենին մոոանա՜լ: Հասնե՜լ բոլոր առաջավորներին:

Մի շարք բառեր՝ պետք է, անհրաժեշտ է, հարկավոր է, ի վիճակի լինել, կարող, պարտադիր և այլն, է էական բայի հարադրմամբ անորոշի հետ առանձին կազմում են դերբայական անդեմ նախադասություններ: (Հարկավոր է շուտ հեռանալ։ Անհրաժեշտ է լռել)։ Ոմանք այս կառուցվածքներում «երկկազմություն» են տեսնում՝ անորոշ դերբայը գնահատելով իբրև ենթակա, եղանակիչ բայամասերը (հարկավոր է, պետք է...)՝ բաղադրյալ ստորոգյալ։ Դա երևույթի տրամաբանական և թե քերականական արժեքավորում է։ Որ նման նախադասություններն իսկապե՛ս անդեմ են. լավագույնս վկայում է քերականական անհամաձայնության փաստը։ Ահա. Հարկավոր է գնալ մոտը, ասել ճշմարտությունը և վերադառնալ ու հանգիստ խղճով քնել: