Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/20

Այս էջը հաստատված է

Դժվար չէ նկատել, որ ընդգծված անորոշ դերբայները, եթե ենթակայի դեր կատարեին, պիտի թվով համաձայնեին իրենց «ստորոգյալին» (հարկավոր է)։ Այլ բան է, երբ անորոշն իր հոդով գործածվի նախադաս շարադասությամբ (Գնալդ հարկավոր է):

Այսպիսով՝ այն միակազմ նախադասությունը, որի գլխավոր անդամները չկան, բայց անորոշ դերբայի հնչերանգի շնորհիվ արտահայտում է ստորոգում, կոչվում է բայական անդեմ նախադասություն։

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՆԴԵՄ ՆԱԽԱԴԱՍՈԻԹՑՈԻՆ

Ինչպես նշել ենք, անդեմ նախադասությունները գնահատվում են շարահյուսական մակարդակում խոսքային միջավայրի հաշվառմամբ: Այսպիսի նախադասությունները կոչվում են անվանական, որովհետև հնչերանգը (ստորոգման տրամաբանական արտահայտությունը) կրում են այն «անունները»՝ գոյականը, ածականը, թվականը, առարկա ցույց տվող դերանունը (նաև՝ որոշ մակբայներ), որոնք էլ տվյալ նախադասության առանցքն են կազմում։ Օրինակներ՝ Չորս հարյար հիսունմեկ թվական... Մայիսի 26: Ավարայրի ճակատամարտ: —Հիմա՜ր: —Անինքնասե՜ր։ Ահա և նա: Այո՜, միայն ինքը: Զգա՜ստ: Հավսա՜ր: Արա՜գ, արա՜գ:

Անվանական անդեմ նախադասությունները, ինչպես առհասարակ միակազմները, թե՛ գրավոր, թե՛ մանավանդ բանավոր խոսքում լայն գործածություն և ոճական մեծ արժեք ունեն։ Նրանք խոսքին տալիս են դիպուկություն, արտահայտչականություն, հուզական շունչ։ Վերցնենք, օրինակ, Վ.Տերյանի հետևյալ երկտողը·

Սև գիշե՜ր, և հուշե՜ր և խոհե՜ր անհամար,
Մոռացվա՜ծ երազներ՝ շուշաննե՜ր թառամած...

Չափածոյի այս հուզառատ երկտողը «դարձնելով» բարդ համադասական կամ ստորադասական նախադասություն, կկորցնենք գեղարվեստական, հուզարտահայտչական այն հմայքը, որով օժտված է երկտողը։ Այս առումով (գեղարվեստական-ոճական) վերլուծվող միավորները երբեմն էլ ունեն լուրջ առավելություններ, քան քերականական բոլոր օրենքներով ձևավորված բարդ նախադասությունները։ Ինչ խոսք, այս առավելությամբ հանդերձ, դրանք ունեն նաև «թերություններ»։ Անվանական անդեմ նախադասությունները սակավաբառ լինելով՝ երբեմն էլ անորոշ ու տարտամ մտքեր են արտահայտում։ Դրանց չափից շատ գործածության դեպքում ոճը դառնում է տարտամ, նկարագրվող դեպքերը՝ «աղքատիկ»՝ զուրկ այն հատկանիշներից, հանգամանքներից և այլն, որոնք լրացվում են նախադասության երկրորդական անդամներով։