Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/28

Այս էջը հաստատված է

5. Դարձվածքային միավորներ. սրանք շարահյուսական արտահայտություններից շատ տարբեր են. ունենալով փոխաբերական իմաստ՝ շարահյուսորեն չեն վերլուծվում, այլ գնահատվում են որպես իմաստային մեկ միավոր (իդիոմ)։ Օրինակ՝ Կաշվից դուրս կգա` այդ գործը գլուխ կբերի: Ոտքից-ձեռքից ընկել է` չի կարողանում ծայրը ծայրին հասցնել:

Այսպիսի դեպքերում երևույթը արժեքավորվում է լոկ դարձվածաբանորեն:

Նախադասության անդամը, երբ արտահայտվում է բառակապակցությամբ, կարող է ունենալ «մի քանի հարցեր», ընդ որում, այստեղ, բնականաբար, իշխողը մեկն է, մյուսներն առանձին արժեք չունեն (նրանք գնահատվում են միայն դերբայական դարձվածի վերլուծման ժամանակ)։ Իշխող հարցը հաճախ պայմանավորված է լինում բառակապակցության վերջին բառի պաշտոնով՝ Տեղական ժամանակով ժամը հինգ անց քսան րոպեին եկավ մեքենան։ Մեզնից երկու-երեք քայլ հեռավորության վրա կանգնած էր Արայիկը։ Ընդգծվածները նախադասության մեկ անդամ են՝ ժամանակի և տեղի պարագաներ։

Երկու խոսք՝ ստորոգելիական վերադրի մասին։ Դա արտահայտվում է գոյականով (գոյականաբար գործածվող բառով), ածականով, թվականով, առարկա և նրա հատկանիշ ցույց տվող դերանվամբ, անորոշ, հարակատար, ենթակայական դերբայներով։ Համեմատենք հետևյալ օրինակները՝ Թումանյանը մեծ բանաստեղծ է (Թումանյանը մեծ բանաստեղծ է համարվում): Թումանյանը մեծ է, Թումանյանը մեկն է, Թումանյանը նա է:

Հայտնի է, որ ստորոգելիական վերադիրները փոխարկման եղանակի կիրառման հետևանքով դառնում են ենթակա, որոշիչ, հատկացուցիչ, որոնք նախադասության լիարժեք անդամներ են, մինչդեռ դրանք ստորոգելիական վերադրի պաշտոնում էական բայի զուգորդմամբ այլ հատկանիշ են դրսևորում։ Իսկ, օրինակ, Թումանյանը Դսեղից է, Թումանյանը այստեղ է, Թումանյանը հեռու է, Թումանյանները քիչ են: Դու ինչպե՞ս ես, լա՞վ ես, Նա դասի է, Զրույցը պակասությունից էր: Կտրվածը սդոցով է և այլ նախադասություններում ընդգծված բառերը նյութական արժեք ունեն առանձին-առանձին, հետևաբար՝ տեղի, չափի, ձևի, նպատակի պարագաներ են, վերաբերության ու միջոցի խնդիրներ և ինքնուրույն բայեր։ Ուրեմն՝ պարագայական և խնդրային կիրառությունը սահմանափակում է ստորոգելիական վերադրի ոլորտը։

Նախադասության կազմի մեջ մտնող բառերն ըստ իրենց շարահուսական գործառույթի բաժանվում են 2 խմբի՝ քերականական անդամներ, որոնք են գլխավոր ու երկրորդական անդամները, և վերաբերական, որոնք են կոչականն ու միջանկյալ բառերը։