Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/32

Այս էջը հաստատված է

Հասմիկն ուրախությունից պար է գալիս:

Մի դեպքում ստորոգյալը ներառնում է հատկանիշը, բայիմաստը, ստորոգումը (գնացի, խոսում եմ, ման է գալիս) և, արտահայտվելով որևէ խոնարհված բայով, կոչվում բայական պարզ ստորոգյալ, մի այլ դեպքում, արտահայտվելով այլ խոսքի մասով ու վերացական կամ էական բայով, կոչվում անվանական բաղադրյալ ստորոգյալ։ Բայական պարզ ստորոգյալն արտահայտվում է բոլոր հինգ եղանակների դրական և ժխտական խոնարհման պարզ ու բաղադրյալ ժամանակաձևերով, իսկ բաղադրյալ ստորոգյալն արտահայտվում է գոյականով, ածականով, թվականով, դերանունով, առարկայացույց ու հատկանշացույց դերանուններով և վերացական կամ էական բայերով։ Ընդ որում, պարզ ստորոգյալը պատասխանում է խոնարհված բայերին հատուկ հարցերին (ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ է արել, ի՞նչ է լինելու, ի՞նչ եղավ, ի՞նչ անի...), իսկ բաղադրյալ ստորոգյալը՝ նշված խոսքի մասերին հատուկ հարցերին (ո՞վ է, ի՞նչ է, ինչպիսի՞ն է, քանի՞սն է, ո՞րն է...)։

ՍՏՈՐՈԳԵԼԻԱԿԱՆ ՎԵՐԱԴԻՐ ԵՎ ՀԱՆԳՈՒՅՑ

Երկար ժամանակ ստորոգելիական վերադիր է համարվել բաղադրյալ ստոոոգյալի այն մասը, որն արտահայտվում է նյութական բոլոր խոսքի մասերով, ինչպես նաև կապային կառուցվածքներով։ Այնինչ պետք է ասել, որ դրանք, եթե խնդիրների ու պարագաների դեր են կատարում, ստորոգելիական վերադիր լինել չեն կարող։ Ստորոգելիական վերադիր են լինում գոյականները (հատուկ և հասարակ), ածականները, թվականները, առարկա և նրա հատկանիշ ցույց տվող դերանունները, անորոշ, ենթակայական (վիճակ-հատկանիշ ցույց տվող հարակատար) դերբայները, ինչպես նաև փոխանվանաբար կիրառվող լեզվական ամեն մի միավոր։

Բերենք օրինակներ՝

  1. Սուրենը ջրագնդորդ է (դարձավ, համարվում է, կոչվում է, ճանաչվում է, ձևանում է...)։
  2. Սուրենը ջանասեր է (համարվում է, կոչվում է...)։
  3. Տղաները քսանհինգն են (հիսունն, հարյուրն են...)։
  4. Մարդն այդպիսին էր (սա է, նա է, ո՞վ է...)։
  5. Դա վազել չէ:
  6. Այս ջուրը խմելու չէ:
  7. Ապակին շուտ կոտրվող է:
  8. Ծառի վրայի ծիրանը խակ է, իսկ սրանք հասած են:

Հարկ է նշել նաև, որ անորոշ, ենթակայական և հարակատար դերբայները, գործածվելով գոյականաբար և ածականաբար, ստորոգելիական