Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/45

Այս էջը հաստատված է

և պարագաներ: Խնդիրները ցույց են տալիս գործողության հետ կապվող առարկաներ, իսկ պարագաները՝ հանգամանքներ, հատկանիշներ։

ԽՆԴԻՐՆԵՐ

Խնդիրներն ըստ գործողության և եղելության անմիջական առարկա օբյեկտ դառնալու և չդառնալու հիմունքի՝ լինում են երկու տեսակ՝ ուղիղ և անուղղակի:

Ուղիղ խնդիր

Ուղիղ խնդիրը պիտի տարբերակել անուղղակի խնդիրներից երկու հիմունքով՝ իմաստաբանորեն և քերականորեն:

ա) Ուղիղ խնդիր դառնում է գործողության և եղելության անմիջական առարկան, որն ուղղակիորեն իր վրա է կրում ենթակայի կատարած գործողությունը՝ կոչվելով կրող խնդիր:

բ) Ուղիղ խնդիրները միայն անցողական (ներգործական և պատճառական) բայերի հետ են առնչվում։

գ) Ուղիղ խնդիրը կրավորական կառուցվածքներում վերածվում է ենթակայի։

դ) Ուղիղ խնդիրը դրվում է հայցական հոլովով։

Լեզվաբանական գրականության մեջ նշվում է նաև, այսպես կոչված, մասնական ուղիղ խնդիրը, որը դրվում է բացառական հոլովով (Նրա ձեռքից բռնեցի։ Մազից քաշեցի։ Ջրից մի քիչ խմեցի։ Գինուց համտես արեցի։ Հացից կերա․․․)։ Այսպիսի նախադասությունները գործածվում են հիմնականում բանավոր խոսքում, ընդ որում, բուն ուղիղ խնդիրներն այդտեղ զեղչված են (մաս, կտոր և այլն), հետևաբար սրանց պաշտոնի «ծանրությունն» ընկել է անջատման անուղղակի խնդիրների վրա, որոնք իրենց մեջ «համատեղում են» նաև զեղչված ուղիղ խնդրի պաշտոնը։

Ուղիղ խնդիրը դրվում է հայցական հոլովով և պատասխանում ո՞ւմ, ի՞նչ(ը), ինչի՞(ն)[1] հարցերի։ Ունի 3 ձև՝ օ, ի, ին: Ընդ որում, որոշյալ անձերի դեպքում հայցականը նման է տրականին (Բժիշկը վիրահատեց Արտակին: Ուսուցիչը ընկերոջս կանչեց գրատախտակի մոտ), իսկ անորոշի դեպքում՝ նաև սեռականին (հմմտ․ Մի կնոջ պայուսակ դրված էր սեղանին։ Մի կնոջ դիմեցի խնդրանքով։ Մի կնոջ տեղափոխեցին այլ աշխատանքի)։ Իրի որոշյալ և անորոշ առման դեպքում հայցականը նման է ուղղականին (Նրանք շենք են կառուցում։ Բանվորները հին տները քանդեցին)։

  1. Անձի առման դեպքում։