Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/47

Այս էջը հաստատված է
Անուղղակի խնդիրներ

Սրանք ցույց են տալիս բայի հետ կապվող այնպիսի առարկաներ (կամ որպես այդպիսիք), որոնք չեն դառնում գործողության կրողը, օբյեկտր, այլ անուղղակիորեն են լրացնում նրան՝ հակադրվելով ուղիղ խնդրին (տե՛ս 4 կետերը)։ Անուղղակի խնդիրների բայ-ստորոգյալները չեզոք և կրավորական սեռի են, բայց դա չի նշանակում, թե ներգործական սեռի բայերից «օտարացված են» նրանք։ Ո՛չ։ Ներգործական (նաև պատճառական) սեռի բայերը, ճիշտ է, քերականորեն պահանջում են ուղիղ խնդիրներ, սակայն նույն նախադասության մեջ միանգամայն հնարավոր է նաև անուղղակի խնդիրների առկայությունը։ Ըստ իրենց բնույթի՝ իմաստային-շարահյուսական գործառույթի, անուղղակի խնդիրները լինում են՝

ա) Հանգման. դրվում է տրականով և ցույց տալիս այն առարկան, որին հանդում է ենթակայի գործողությունը։ Հանգման անուղղակի խնդիր են առնում մի շարք բայեր, ինչպես հպվել, դիպչել, հանգել, ձուլվել, մոտենալ, ուղղվել, նշան բռնել, հենել, կռթնել, թիկն տալ, իջնել և այլն։ Օրինակներ՝ Նա հանգեց այդ մտքին: Հարցն ուղղված է դիրեկտորին: Ես նրան դիմեցի մի հարցով։ Հաղթողին առաջարկեցին ևս մեկ խնդիր։

Հանգման խնդիրը կարող է արտահայտվել նաև կապերի (դեմ, ընդդեմ, վրա և այլն) և կապվող բառերի միջոցով։ Օրինակ՝ Սվիններն ուղղված էին թշնամիների դեմ: Շունը հաչում է անցորդի վրա:

բ) Մատուցման[1]. սա ևս դրվում է տրականով և ցույց տալիս այն առարկան՝ անձը, որին մի բան է տրվում, մատուցվում, հանձնվում։ Օրինակներ՝ Արամը ծաղկեփունջը տվեց քրոջը: Ես նրան նվիրեցի մի սքանչելի նկար։ Վիրավորվածին հանձնվեց իր տոմսը:

գ) Անջատման. դրվում է բացառական հոլովով և լիովին հակադրվում է հանգման խնդրին: Ցույց է տայիս այն առարկան, որից հեռանում, անջատվում է մի որևէ առարկա։ Օրինակներ՝ Տղաներից անջատվեցին աղջիկները։ Քեզնից հեռացա՞վ քույրդ։ Ումի՞ց ես խուսափում։

Անջատման խնդիր են առնում սովորաբար բաժանվել, հեռանալ, առանձնացնել, մեկուսանալ, փախչել, պոկվել, խուսափել, խուսանավել, ջոկել, քաշվել, շորթել, փախցնել, գանձել և նման շատ բայեր։

դ) Միջոցի, դրվում է գործիականով և ցույց է տալիս այն առարկան, որի միջոցով կատարվում է գործողությունը։ Օրինակներ՝ Ուսուցիչը հպարտանում է լավ աշակերտով: Ջուրն արյամբ չեն լվանա

  1. Մատուցման անուղղակի խնդիրը սովորաբար գնահատվում է որպես հանգման անուղղակի խնդրի մի այլ դրսևորում: Լայն առումով վերցրած՝ դա ճիշտ է: