Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/60

Այս էջը հաստատված է

պայմանով միայն: Միմիայն քեզ օգնելու պայմանով կխոսեմ Սարոյանի հետ։ Պայմանի պարագայի պաշտոնը հեշտ որոշելու համար այդ բառակապակցությունները կարելի է փոխարինել նույն պաշտոնի երկրորդական նախադասություններով (հատկապես եթե, թե որ, եթե միայն և նման շաղկապների միջոցով)։


ԼՐԱՑՄԱՆ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

Գոյական ու բայական լրացումները՝ որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ, խնդիր, պարագա, կարող են ունենալ իրենց լրացումները՝ կոչվելով լրացման լրացումներ (շատ գեղեցիկ ծաղիկ, փոքրիշատե ծանր քար, այսպիսի գրագետ երեխա, իմ որդու գրքի կազմը, Մոտեցա հսկա քաղաքին, Վերցրի կարմիր խնձորը, Խուսափի՛ր անազնիվ մարդուց, Մեծ քաղաքում ապրող մարդը, Վաղ գարնանը գնալու եմ գյուղ, Վաղուց արդեն գնացած մեքենայի ձայնը չէր լսվում...)։

ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆ[1]

Հայտնի է, որ բառերով են ստեղծվում կապակցությունները։ Սրանք երկու և ավելի բառերից կազմված միացություններ են, որոնց մեջ մտնող բառերն իրար նկատմամբ ունենում են շարահյուսական ուժեղ և թույլ աննշան հարաբերություններ։ Հանրահայտ ճշմարտություն է, որ բառերն իրենց իմաստային զարգացման հետագա շրջանում, բառօգտագործման հաճախականության, իմաստային նոր երանգներ ձեռքբերելու հետևանքով ունենում են զանազան գործառույթներ. խամրում-մահանում են նրանց նախկին իմաստները՝ տալով նույնիսկ լեզվական-քերականական այլ որակներ։ Այս առումով էլ բառակապակցությունները, նայած կազմիչ անդամների շարահյուսական-նյութական ուժեղ և չափազանց թույլ կապին, բաժանվում են երկու խմբի՝

  1. Տե՛ս Վ. Քոսյանի «Ժամանակակից հայերենի բառակապակցություններ» գիրքը, Ե., 1975։