Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/64

Այս էջը հաստատված է

նրբությունների հետ՝ շատ իրողություններ դրսևորվում են նախադասությամբ (համադասական կամ ստորադասական) կամ էլ ինչ-ինչ ոճական նկատառումներով գործածվում են դերբայական դարձվածներով։ Որ դերբայական դարձվածները իրո՛ք ինքնուրույն շարահյուսական միավորներ են, ապացուցում են զանազան փաստեր։ Այսպես. կան բազմաթիվ ստորադաս նախադասություններ, որոնք «չեն կրճատվում», հետևաբար՝ դերբայական դարձված չեն դառնում (գլխավորի հետ հարաբերականների թեք հոլովաձևով կապվողները, ինչպես նաև հարաբերական դերանուն կապ կաղապարով կապվողները): Այն աշակերտը, որից նոր հեռացար, իմ եղբայրն էր, Աշխարհը, որի ծագման մասին ոչ ոք վերջնական ոչինչ չի ասել, հավիտենական է։ Սովորաբար «չեն կրճատվում» նաև շատ կարճ ծավալուն ստորադաս նախադասությունները՝ ոճական անհարթություն չստեղծելու համար։

Ի դեպ, կան շատ դերբայական դարձվածներ, որոնք «չեն դառնում ստորադաս նախադասություններ (Արագ քայլելով անցավ փողոցը), իսկ որոշ ստորադաս նախադասություններ էլ պարզելուց հետո վերածվում են ոչ թե դերրբայական դարձվածի, այլ՝ դերբայի, նույնիսկ գոյականի, ածականի (Նրանք մտան զբոսայգի, որ հանգստանան: Նրանք մտան զբոսայգի՝ հանգստանալու: Այն աշակերտը, որ ջանասեր է, կփոխադրվի հաջորդ դասարան։ Ջանասեր աշակերտը կփոխադրվի հաջորդ դասարան։ Այն գիշեր, երբ դու ծնվեցիր, սկսվեց պատերազմը։ Քո ծննդյան գիշերը սկսվեց պատերազմը, նաև՝ Քո ծնվելու գիշերը սկսվեց պատերազմը։

Եզրակացությունը մեկն է՝ դերբայական դարձվածները շարահյուսական ինքնուրույն միավորներ են, մտքի դրսևորման շարահյուսական ուրույն կառուցվածքներ, որոնք կատարում են նախադասության մեկ անդամի դեր՝ ենթակա, որոշիչ, հատկացուցիչ, խնդիր պարագա և այլն։

ԴԵՐԲԱՅԱԿԱՆ ԴԱՐՁՎԱԾՆԵՐԻ ՇԱՐԱՀՅՈՒՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ

Դերբայական դարձվածի շարահյուսական պաշտոնը կախված է դերբայական բառակապակցության մեջ «իշխող դերբայից»։ Օրինակ՝ «Մեր հարևանի տուն եկած հյուրերը գրողներ էին» նախադասության մեջ ընդգծվածը որոշիչ է, որովհետև հյուրերը գոյականի լրացումն է։ Կամ՝ Ձեռքերն օդում թափահարելով՝ ընդառաջ եկավ եղբորը։ Այս նախադասության մեջ դերբայական դարձվածը ձևի պարագա է, որ թելադրել է թափահարելով դերբայը։

Դերբայական դարձվածի սահմանները որոշելու համար հարկ է ամենից առաջ գտնել դերբայը (անորոշ, համընթացական, հարակատար,