Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/65

Այս էջը հաստատված է

ենթակայական և այլն), ապա՝ նրա քերականական անմիջական լրացումները, հետո՝ վերջիններիս լրացումները։ Ընդ որում, այդ դերբայները կարող են գործածվել գոյականաբար, հոլովվել, հոդ ստանալ, կիրառվել եզակի և հոգնակի թվերով, բայց բոլոր դեպքերում նրանք չեն զրկվում բայական-քերականական հատկանիշներից։ Որպես նախադասության անդամներ դերբայական դարձվածները լինում են՝

ա)Ենթակա. Այս պաշտոնը գտնելու համար նախ և առաջ պիտի իմանալ, որ անորոշ, հարակատար, ենթակայական դերբայները գործածվում են գոյականաբար, օրինակ՝ Խաղալը կոփում է մարդու մարմինը։ Պարգևատրվածը ժպտում է գոհունակությամբ։ Հաղթողը բարձրացավ ամբիոն։ Ընդգծված դերբայները, երբեմն ստանալով առնվազն մեկ քերականական լրացում, կկազմեն դերբայական դարձված, ինչպես, օրինակ Մշտապես ֆուտբոլ խաղալը կոփում է մարդու մարմինը։ Գերագույն սովետի նախագահության կողմից նոր պարգևատրվածը ժպտում է գոհունակությամբ։ Այսօր «Հրազդան» մարզադաշտում ֆուտբոլային խաղում հաղթողը դարձավ երկրի չեմպիոն։

բ)Ստորոգելիական վերադիր. Դա լավ երգել չէ, այլ անփութորեն արտասանել է: Մայթերն այսօր լավ լվացված են թվում։ Այս մարդը շատ լավ երգող է: Նա մեր դասարանի ամենահաջող սովորողն է և այլն։

գ) Որոշիչ. Սա շատ հեշտ սովորելու դաս է։ Քրոջս կողմից վաղուց արդեն արդուկված կոստյումս պատրաստ է հագնելու համար։ Արագ վազող ձին հանկարծ կանգնեց։ Շոպենի մազուրկաները հիանալիորեն նվագող երեխան մեզ զարմացրեց։ Մոսկվա ուղարկվելիք[1] ծանրոցն իմն է։

դ) Հատկացուցիչ. Բեռները տեղափոխելու ժամանակը մոտենում է։ Արամի խնդիրներ վճռելու եղանակը հիացրեց մեզ։ Փողոցով արագ վազողի գիրքն ընկավ։ Ճակատամարտում ամոթալի կերպով պարտվածի զորքը ցրվեց դեսուդեն։

ե) Բացահայտիչ. Նրա սիրած զբաղմունքը՝ ծառ տնկելը.այգի ջրելը, հարևաններիս բարի նախանձն է շարժում: Լևոն Անանյանը՝ մրցույթում հաղթողը, նոր եռանդով է պատրաստվում գալիք «ճակատամարտին»։ Առաջին հայ պարբերականը՝ 1794 թ. Մադրիդում հրատարակվածը, կոչվում է «Ազդարար»։

զ) Ուղիղ խնդիր. Բոլորս էլ գնահատում ենք Ձեր անձնվիրաբար ծառայելը: Մեր ժողովուրդը նողկանքով ընդունեց Մերուժանի ու Վահանի՝ հայրենիքին դավաճանելը: Մաթեմատիկայի գծով օլիմպիադայում առաջին տեղը գրավածներին ուղարկեցին Կիև։ Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին հիշում ենք ըստ արժանվույն։ Թշնամու բանակն

  1. Շատ սակավ գործածություն ունի։