Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/70

Այս էջը հաստատված է

կարող են լինել բաղադրյալ գոյականները (սոցիալիստական աշխատանքի հերոս, Միավորված ազգերի կազմակերպություն, հանրապետության ժողովրդական արտիստ...), թվականները (հազար ինը հարյուր ութսուներեք, երկու միլիոն երեք հազար իննսունվեց...), դերանուններր (յուրաքանչյուր ոք, ինչ-որ մեկը...), բայերը (հասնել բերել, գրել վերջացնել, ավլել թափել, պառկել քնել...), կապական կառույցները (մի քանի օր առաջ, երեք-չորս տարի հետո...) և այլն։ Բաղադրայլ անդամները հիմնականում հարադրավոր[1] և բարդ բաղհյուսական բարդություններ են լինում, ինչպես, օրինակ՝ ներս ու դուրս անել, նստել-վեր կենալ սովորել, ի վիճակի չլինել վեր կենալ, գիշեր ու ցերեկ, սար ու ձոր, օր ու գիշեր, տեր և տնօրեն, հասարակական-քաղաքական, կուլտուր-լուսավորչական, սոցիալ-տնտեսական և այլն։ Ավելացնենք, որ բաղադրյալ կարող են լինել նախադասության բոլոր անդամները (Նստածների կեսից ավելին ուսանողներ էին. Դեպքը տեղի է ունեցել մեր թվարկությունից ութ դար առաջ)...

Բազմակի-համադաս. Երկու և ավելի անդամները, որոնք նախադասության մեջ կատարում են միևնույն շարահյուսական պաշտոնը, կոչվում են համազոր բազմակի անդամներ։ Ավելի´ն. բազմակի կարող են լինել նաև կոչականները, միջանկյալ բառերը և այլն։ Նրանք իրենց հիմնական դերին զուգահեռ ունեն նաև ոճական գեղարվեստական արժեք։

Բազմակի անդամների հնչերանգը որոշակի է, տրոհումը` հեշտ: Օրինակ` Թումանյանը, Իսահակյանը, Տերյանը, Չարենցը և Բակունցը պատիվ կարող են բերել և՛ հայ գրականությանը, և՛ համաշխարհային մշակույթին։ Շախմատի մրցումներ տեղի ունեցան Մոսկվայում, Ռիգայում, Կիևում և Երևանում: Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, առհասարակ Անդրկովկասի ժողովուրդները միշտ եղել են բարեկամներ: Կարմիր, սպիտակ, դեղին ծաղիկներն ստեղծել էին մի հեքիաթային աշխարհ ։ Ընդգծվածները բազմակի համադաս անդամներ են՝ ենթակա, տեղի պարագա, հատկացուցիչ, որոշիչ։ Այդպես էլ բազմակի համադաս անդամներ կարող են լինել նախադասության բոլոր անդամները, ինչպես նաև կոչականներն ու միջանկյալ բառերը (Սիրելի՛ աշակերտներ, մեր վաղվա գիտնականներ, լուսավոր ապագայի տերեր, ձեր ձեռքումն է մեր հայրենիքի բախտը։ Այո՛, իհարկե, ես ինձ վստահված գործը կկատարեմ խնամքով)։ Բազմակի համադաս անդամները կարող են արտահայտվել տարբեր խոսքի մասերով։ Նրանք միևնույն շարահյուսական պաշտոնն են կատարում, միևնույն անդամի լրացումներ են (գոյականական անդամի և բայական անդամի լրացումներ). իսկ բազմակի

  1. Ա. Աբրահամյան. Բայը ժամանակակից հայերենում, Ե., 1962 թ., հ. 1։ Ա. Մարգարյան, Հայերենի հարադիր բայերը, Ե., 1966 թ.։