Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/74

Այս էջը հաստատված է

ոճական տարբերությունը։ Մի այլ վարժությամբ կարելի է պահանջել հակառակը։ Կարելի է տալ նաև այսպիսի վարժություն․ գրատախտակին գրել տրոհվող որոշիչներով նախադասություններ (առանց հարկավոր կետադրության) և պահանջել՝ նշանակելու հարկավոր կետադրությունը։ Տնային աշխատանք հանձնարարելիս կարելի է մի քանի տեսակ այլ բնույթի վարժություններ ևս կատարել տալ (որևէ կոնկրետ տեքստից)։ Գրել տալ փոքրիկ ստեղծագործական շարադրություն՝ գործածելով տրոհվող որոշիչներ՝ բացատրելով, թե ինչով են դրանք արտահայտված և ինչ կետադրություն ունենք, մեկնաբանել ոճական երանգները․․․)։

Որոշչի տրոհման համար շատ կարևոր են նրա շարադասությունը և ծավալայնությունը։ Պատահում են, սակայն, դեպքեր, երբ երկու բառից կազմված ետադաս որոշիչները չեն տրոհվում։ Այստեղ կարևոր դեր ունի նաև խոսողի վերաբերմունքը։ Մեկը կարող է որոշիչն արտասանել ոչ անջատական հնչերանգով, մյուսը՝ ընդհակառակն։ Բերենք ևս մի քանի օրինակներ․

Մնաք բարով, ասում եմ ես, բոլոր մարդկանց՝ չար ու բարի (Վ.Տ)։

Շահանը ճանապարհին պատմեց բժշկի ասածը՝ սպասելու մասին (Ա․ Բակունց)։

Մի թռչուն՝ նման անտառաբնակ բուի, քաշում էր զանգի պարանը (Ա․ Բակունց)։

Նիհար, սև-սև մի մարդ էր նա՝ փոքրիկ նեղ աչքերով ու ծխից դեղնած ատամներով (Մուրացան)։

Տրոհվող Հատկացուցիչ.— Հատկացյալի հետ ունեցած սերտ կապի շնորհիվ հատկացուցիչը սովորաբար չի տրոհվում, սակայն հատկապես գեղարվեստական խոսքում (չափածոյում), հանգի, վանկի, բանաստեղծական վսեմության համար, գործածվում են որոշ տրոհվող հատկացուցիչներ։

Ահա տրոհվող հատկացուցիչների օրինակներ՝

Սա է պատասխանը լոկ՝ մեր սրբազան երկիրը բարբարոսաբար թալանողի:

Թշնամին անցավ սահմանն այդ անբիծ՝
Հռոմի տարեկից չքնաղ Երևանի:

Զորյանի՝ քաղաքացիական պատերազմի շրջանի գործերը տոգորված են լուսավոր թախիծով։

Ճիշտ այդպիսի կետադրություն ունի նաև սեռական հոլովով գործածվող կողմնակի ենթական, որը, ի դեպ, միայն ձևով է նման հատակացուցչին։ Օրինակ՝ Սուրենի՝ Տերյանի ստեղծագործությունների մասին հայտնած կարծիքները լիովին հիմնավոր էին։

Իմ՝ եղբորս աշխատանքին տված գնահատականը իրեն արդարացրեց։