Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/75

Այս էջը հաստատված է

Սուրենի և իմ բառերը ոչ թե գոյական անդամի, այլ՝ դերբայի (հայտնած, տված) լրացում են։

Նախադասությունները դարձնելով բարդ (լավ կլինի՝ ստորադասական)` ընդգծված կողմնակի ենթակաները դառնում են ոչ կողմնակի` քերականական բուն ենթականեր՝ դրված ուղղական հոլովով (կարծիքները, որ հայտնել էր Սուրենը... Գնահատականը, որ տվել էի ես...)։

Տրոհվող խնդիրներ.— Խնդիրները, ցույց տալով գործողության հետ կապված առարկաներ, համեմատաբար քիչ են տրոհվում։ Պատճառը հիմնականում այն է, որ խիստ սերտ է խնդրի ու բայի քերականական կապը։ Եվ, այդուհանդերձ, պատահում են դեպքեր, երբ որոշ խնդիրներ (հատկապես կապերով արտահայտված), հեռանալով իրենց լրացյալներից, հանդես են բերում հնչերանգային անջատվածություն (մասնավորապես ծավալունության ու ետադաս շարադասության դեպքում)[1]։

Կոնկրետ առիթով էլ, բնականաբար, պետք է նշել, որ, ասենք, միջոցի, ներգործող, շահի, վերաբերության, հանգման, սահմանափակման, ուղիղ և այլ խնդիրներ, հատկապես ետադաս շարադասությամբ կարող են դառնալ տրոհվող անդամներ։ Օրինակներ՝ Նամակն ուղարկեց այսօր, երեկոյան ժամը 5-ին՝ իր երբեմնի աշակերտ Գարեգինի միջոցով: Ավարայրում մարտնչում էր հայոց զորաբանակը՝ հանուն մեր սրբազան հայրենիքի ազատագրման: Նրանք կռվում էին անձնուրաց՝ ընդդեմ պարսկական զորքի: Դժվար չէ նկատել, որ տրոհումն առաջ է եկել խնդրի ընդմիջարկվելուց։ Այս խնդիրներն ուսուցելիս լավ կլինի, որ նշվի նաև դրանց տրոհման փաստը, օրինակներով հաստատվի, որ այս և մյուս խնդիրները, երբ «գտնեն» իրենց լրացյալին՝ բայ-ստորոգյալին, չեն տրոհվի. կկազմեն իմաստային ու հնչերանգային սերտ միություն: Դա հասկացնելու համար ուսուցիչը կատարում և կատարել է տալիս այնպիսի աշխատանքներ, որոնց մասին խոսվեց նախորդ լրացումների բաժնում։ Բերենք մի քանի օրինակներ նաև ներգործող ու վերաբերության խնդիրներից։ Նվերը հանձնվեց տիրոջը՝ գյուղից ուղարկված երկու երիտասարդների կողմից: Տաճարը կառուցվեց կարճ ժամանակում՝ տեղի հայ շինականների կողմից:

Առաքելը կրակված խոսում էր շինականի հետ՝ վիրավոր հայրենիքում տեղի ունեցող ծանր դեպքերի մասին: Արտակն ու Անահիտը զրուցում էին զուսպ ու լրջորեն՝ հայրենիքի դժբախտ ու օրնասական վիճակի շուրջ:

Կան մի քանի խնդիրներ ևս (բացառման, շահի, սահմանափակման

  1. Խոսքն իհարկե չի վերաբերում այն խնդիրներին (և ոչ միայն խնդիրներին), որոնք ստեղծում են բացահայտիչ-բացահայտյալ կապակցություն։ Օր.՝ Ես մոտեցա ընկերոջս՝ Արամին: Նա հպարտանում է իր հորով՝ Սուրենով: Տղան սիրում է քրոջը՝ Արուսին: