Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/76

Այս էջը հաստատված է

և այլն), որոնք դպրոցական քերականության ծրագրում չկան, բայց գործածվում են աշակերտների գրավորներում։ Ահա. Բացի իր հարցերին ճիշտ պատասխանելուց՝ Անահիտը ներկայացրեց նաև գիտական զեկուցումը։ Նա հայտնեց տղաների աչքի տեսածը` անկախ այդ բոլորից: Սուրենը, գրադարանից վերցրած նոր գրքերից զատ, ցուցադրեց նաև արտասահմանից ստացածները։ Դահլիճում հացկերույթ կազմակերպվեց այսօր, երեկոյան ժամի 22-ին` ի պատիվ Հայրենական մեծ պատերազմի վետերանների։ Նրանք բողոքում են իրավացիորեն` ընդդեմ պատերազմ սանձազերծողների:

Այսպիսի երևույթների մասին պետք է խոսել հատկապես թելադրություների, շարադրությունների վերլուծման ժամանակ։

Այժմ մի քանի խոսք` տրոհվող ուղիղ խնդրի մասին։

Ուղիղ խնդիր դերբայական դարձվածը, արտահայտվելով անորոշ դերբայով, լինելով ծավալուն ու հատկապես բայ-ստորոգյալից կտրված, կարող է դառնալ տրոհվող անդամ՝ գործածվելով ետադաս շարադասությամբ։ Տրոհվող ուղիղ խնդիրն ուսուցանելիս կարելի է դարձյալ չտրոհվող և տրոհվող ուղիղ խնդիրների բաղդատում կատարել։ Այսպես

Չտրոհվող ուղիղ խնդիր

1. Ուսուցիչը աշակերտներից պահանջեց կարդալ:

2. Սաթենիկը խոստացավ չմոռանալ նրան:

Տրոհվող ուղիղ խնդիր

1. Ուսուցիչը պահանջեց դասարանի բոլոր աշակերտներից` անմիջապես կարդալ շարադրության նյութին առնչվող գրականությունը և նախապատրաստվել ստուգողական աշխատանք գրելուն:

2. Սաթենիկը խոստացավ իր հարևանների առաջ` երբեք չմոռանալ ոչ միայն իր որդուն, այլև ընկածների պայծառ հիշատակը:

Ուղիղ խնդիր տրոհվող լրացումներում շեշտվում են հրաման, կարգադրություն, երդում, պարտականություն և նման իմաստներ ունեցող բայեր։ Ի դեպ, տրոհվող ուղիղ խնդրի լրացումը խիստ նման է ուղղակի խոսքին ու այդ պատճառով կարող է ընկալվել որպես յուրահատուկ բայական անդեմ նախադասություն և ուղղակի խոսքին հատուկ կետադրությամբ գործածվել միջակետով, չակերտներով, մեծատառով (կամ նոր տողից` գծիկով)։ Այսպես, օրինակ` Թագավորը կարգադրեց