Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/77

Այս էջը հաստատված է

բոլոր կանգնած զինվորներին. «Վաղվանից նախապատրաստվել գալիք մարտերին...»: Թագավորը կարգադրեց.

Վաղվանից նախապատրաստվել գալիք մարտերին:

Տրոհվող պարագաներ.— Պարագաները նույնպես տոոհվում են՝ ենթարկվելով տրոհվող անդամների ընդհանուր «օրենքներին» (ծավալայնություն, լրացյալներից հեռացում, շարադասություն, կոնկրետ հնչերանգի առկայություն և հատկապես ետադաս շարադասություն, խոսողի վերաբերմունք...)։ Տրոհվող անդամներ են դառնում բոլոր պարագաները՝ ավել կամ պակաս չափով։

Տրոհվող ժամանակի պարագա.— Հատկապես տրոհվում են դերբայական դարձվածով ժամանակի պարագաները, երբ արտահայտվում են՝

ա) Անորոշ դերբայի գործիական հոլովով։ Օրինակ՝

Մոտենալով վաղեմի բարեկամին՝ զորականը խոր գլուխ տվեց նրան։ Ներսեսի գալն իմանալով՝ Պապը գնաց գահասրահ։ Պապը, իմանալով Ներսեսի գալը, գնաց գահասրահ։ Պապը գնաց գահասրահ, իմանալով Ներսեսի գալը (Ս. Զորյան)։

բ) Հարակատար դերբայով՝ Դեռ ներս չմտած՝ ժամկոչի և նրա թոռան երեսին տաք օդի խոնավ հոսանք փչեց։ Մի փոքր չանցած՝ ներս մտան Սմբատ և Միքայել Ալիմյանները (Շիրվանզադե)։

գ) Համընթացականով. սա սովորաբար չտրոհվող լրացում է, սակայն պատահում է, որ այս դերբայով ձևավորված ժամանակի պարագա դերբայական դարձվածները տրոհվում են՝ ծավալայնության ու մասնավորապես վերջադաս շարադասության և խոսողի վերաբերմունքի հետ կապված լինելու դեպքում։ Օրինակ՝

Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել՝
Իր որսն անելիս Մթին սարերում (Հ. Թումանյան):

Կամ՝ Այլևս չկար այն երկյուղը, որ պաշարում էր հայ զորականին՝ հագարացու հարձակման լուրը լսելիս (Մուրացան)։

Տրամաբանական շեշտի տակ ընկնելով՝ այդ և շատ լրացումներ կորցնում են իրենց տրոհման հատկանիշը. Արևը դեռ չծագած՝ գնացին որսի...

դ) Բառակապակցությամբ. Հեռավոր Չինաստանում, մեզանից շատ ժամանակ առաջ, մի կույր է եղել։ Դա պատահել է հեռավոր Հնդկաստանում՝ մոտավորապես հազար երկու հարյուր երեսուն թվականին:

Դժվար չէ նկատել, որ միջադաս շարադասության դեպքում հնչերանգը համեմատաբար թույլ է, իսկ վերջադասի դեպքում՝ սուր, հետևաբար՝ առաջին դեպքում նշանակվում են երկկողմյա ստորակետեր, երկրորդ դեպքում՝ բութ (թեև ստորակետ դնելը ևս սխալ չէ)։