Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/78

Այս էջը հաստատված է

Նախադաս շարադասության դեպքում բառակապակցությունը հսկվում է հնչերանգային անջատվածությունից և տրոհվող անդամ չի լինում (Մի քանի տարի սրանից առաջ Մոսկվա էինք գնում):

ե) Կապական կառուցվածքներով․ սրանց արտահայտած բառակապակցությունները (հատկապես ծավալուն ու վերջադաս դիրքում) տրոհվող անդամներ են դառնում։ Հմմտ. 1) Դաս սովորելու ժամանակ նա քաշվում էր իր անկյունը և կարդում։ Ամառային արձակուրդն ավարտելուց հետո գնալու ենք ծովափ։ Դպրոցի բարձր դասարանի աշակերտները, դասերը ժամանակին ավարտելուն պես, դուրս էին գալիս հրապարակ՝ նախապատրաստվելու տոնական շքերթին։

2) Արտավազդը գնաց գլխավոր վիրաբույժի առանձնասենյակը՝ իրեն հատկացված վիրահատությունը կատարելուց հետո: Փաստաթղթերն ընդունելու ժամկետն է 1 ամիս՝ սույն հայտարարության տպագրման օրից սկսած:

Միջադասի դեպքում ևս, երբ ժամանակի պարագա բառակապակցությունը ծավալուն է, տրոհվելը նույնիսկ ճիշտ է ու հանձնարարելի:

Օգոստոսյան այդ նվիրական օրը մեր աղջիկները, վարդավառի համաժողովրդական տոնահանդեսին մասնակցելիս, հիանալի ներկայացրին հայերի գեղեցիկ սովորություններից մեկը:

Տրոհվող ձևի պարագա.— Ծավալուն ձևի պարագան տրոհվող անդամ է դառնում, երբ արտահայտվում է՝

ա) Անորոշ դերբայի գործիական հոլովով, ինչպես՝ Ձեռքերն օդում թափահարելով՝ տղան հասկացրեց, որ գնացքը շարժվեց:

Նրանք գնում էին մարգագետիններով՝ ականջ դնելով թռչունների ծլվլոցին։ Տղաները, իրենց հաստլիկ բազուկները քշտելով ու պատրաստվելով գոտեմարտին, սպասում էին մրցավարի հրահանգին:

Ինչպես օրինակներն են ցույց տալիս, նույն տրոհվող անդամը հանդես է գալիս թե՛ նախադաս, թե՛ միջադաս և թե՛ վերջադաս դիրքում։ Բայց պետք է նկատի ունենալ, որ երբ տրամաբանական շեշտն ընկնում է դերբայի վրա, վերանում է տրոհումը։ Այս դեպքում հաճախ էլ օժանդակ բայն է հաջորդում տրամաբանական շեշտին (Նա ձեռքերն օդում թափահարելով էր հասկացնում ասելիքը)։

բ) Հարակատար դերբայով, Գլուխը բարձր բռնած՝ Արևիկը լսում էր Կոմիտասի երաժշտությունը։ Թագավորը դուրս եկավ եկեղեցուց՝ շրջապատված եպիսկոպոսներով և իշխաններով: Նա մտավ իր աշխատասենյակը, նստեց, ապա, գլուխն առած ափերի մեջ, որոշեց հետագաիր անելիքները։

գ) Ձևի մակբայներով և որակական որոշ ածականներով՝ հատկապես վերջադաս դիրքում։ Օրինակներ՝ «Վրանի մեջ անցուդարձ էր անում Ցլիկ Ամրամը՝ միայնակ ու մտախոհ» (Մուրացան)։ Այդ օրերին Սուրենը հաճախ անցնում էր ընկերոջ սենյակի մոտով՝ տխուր ու վշտաբեկ։