Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/84

Այս էջը հաստատված է

Կոչականը հանդես է գալիս մենակ և լրացումներով։

Լրացում ունենալն էլ հիմք է տալիս ասելու, որ կոչականը փաստորեն նախադասություն յուրահատուկ անդամ է[1]։ Ավելի՛ն․ կոչականը կարող է հանդես գալ նաև նախադասության արժեքով։ Այն կոչականը (լրացնող անդամներով և միայնակ), որն ունի յուրահատուկ առոգանություն ու հնչերանգային ավարտվածություն, հաղորդակցության ոլորտում նմանվում է անդեմ նախադասության։ Օրինակ՝ Թանկագի՛ն ընկերներ: «Իմ սիրելի որդի Գիքոր»: Հարգելի՛ հյուրեր, բարեկամներ, մշակույթի գործիչներ...

Դժվար չէ նկատել, որ կոչական անդեմ, ինչպես նաև սրանց նման շատ կառույցներ խոսքային իրավիճակի արդյունք են։ Նրանք դառնում են նախադասություն հենց հնչերանգի (որ ստորոգման տրամաբանական միջոց է), հնչերանգային ավարտվածության ու խոսքային միջավայրի շնորհիվ։ Ուրեմն` այն կոչականները, որոնք ունեն նախադասությանը հատուկ հիշյալ հատկանիշները, ինքնուրույն միակազմ նախադասություններ են, ճիշտ այնպես, ինչպես մյուս անդեմ նախադասությունները։ Այդպիսին են նաև նախադաս շարադասությամբ կոչականները, որոնք, ինչպես ռուսերենում և այլ լեզուներում, իրո՛ք որ գնահատվում են իբրև յուրահատուկ անդեմ նախադասություններ։ Կոչականի մի դրսևորումը Մ․ Աբեղյանը ևս «յուրահատուկ խոսք» է համարում։

Կոչականները, ունենալով ազատ շարադասություն, միջադաս և վերջադաս գործածվելիս ասես կորցնում են նախադասության բնորոշ հատկանիշները և սերտորեն մոտենում են միջանկյալ բառերին, բայց նրանք միջանկյալ բառերից բոլոր դեպքերում խիստ տարբեր են, որովհետև ունեն նյութական բովանդակություն, իսկ միջանկյալ բառերը, ընդհակառակը, զուրկ են դրանից և հանդես են գալիս զուտ վերաբերմունքային ոճական երանգով։

Արդ՝ քանի որ կոչականը գործողության թերևս կատարողն է, ուստի, ըստ Աբեղյանի. «Երբ բայն երկրորդ դեմքով է, կոչականը բացահայտիչն է ենթակայի»[2]։ Եվ հիրավի, կոչականով նախադասության ենթական դու-ն է (կամ դուքը)։ Իսկ ուղղակի խոսքի կոչականը անուղղակի խոսքում հաճախ ենթակա (կամ հանգման խնդիր) է դառնում։ Օրինակ՝ Մայրն ասաց․ «Արտա՛կ, գնա դասի»: Մայրն ասաց, որ Արտակը գնա դասի կամ Մայրն Արտակին ասաց, որ նա գնա դասի։ Ուրեմն՝ պատահական չէ, որ դպրոցական գործող դասագրքում կոչականը համարվում է ուղղական հոլովով դրվող բառ։ Սովորաբար նշվում է նաև, որ կոչականը, քանի որ քերականական կապ չունի նախադասության

  1. Կոչականը նախադասության ուրույն անդամ և նախադասություն համարելուն մենք համաձայն չենք — խմբ․:
  2. Տե՛ս Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, 1965, էջ 410։