Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/88

Այս էջը հաստատված է

միջանկյալ և սաստկական–երանգավորող բառերն իրենց դերով՝ «առաջին աստիճանի» միջանկյալ, իսկ ներդրյալները՝ «կրկնակի միջանկյալ» բառեր են, այսինքն՝ նույնիսկ բուն միջանկյալները կարող են գործածվել իբրև ներդրյալ, եթե խոսողը դրանք օգտագործում է միանգամայն և երկրորդաբար։ Օրինակ՝ Նա զոհվեց (ափսո՜ս, հազար ափսոս), բայց անմահացավ բոլորիս սրտում։ Այդ օրը (կարծեմ) մեր գումարտակը Իվանովի պատվին (այո՛, պատվին) ճաշկերույթ կազմակերպեց։

Այսպիսի դեպքերում, հասկանալի է, խոսողը կարևոր չի համարում ներդրյալի դերը և դա չի գործածում նախադասության մեջ այնպես, ինչպես մյուս անդամներն են, որի համար ներդրյալ բառերը նախադասության մեջ առնվում են փակագծերի մեջ։ Պատահում են և դեպքեր, երբ խոսողը ներդրյալ բառերը գործածում է կա՛մ որպես նախադասության անդամ, կա՛մ իբրև միջանկյալ ու երանգավորող բառ։ Նման պարագայում նրանք «ազատվում են» իրենց երկրորդական «ծառայությունից» և հետևաբար, նաև՝ փակագծերից ու գործածվում այնպես, ինչպես նախադասության այս կամ այն քերականական անդամը կամ միջանկյալ ու երանգավորող բառը։

Այսպիսով՝ ներդրյալ բառեր («կրկնակի միջանկյալներ») կարող են լինել շարահյուսական այն բոլոր միավորները, որոնք խոսողի կողմից մղված են բոլորովին «ետին պլան», թեև նրանք ամենևին էլ ավելորդ միավորներ չեն՝ թեկուզ այն պատճառով, որ նախադասությունը կամ նրա որևէ անդամը զանազան կողմերով մեկնաբանում, պարզաբանում, որոշակիացնում, ճշտում, բացահայտում են, լրացուցիչ տեղեկություն է հաղորդում և այլն։ Նշենք նաև, որ միջանկյալ, երանգավորող ու ներգործող միավորները կարող են դրսևորվել նաև բառակապակցություններով, շարույթներով և այլն (Տղան, ինչ խոսք, այսօրվանից պիտի նախապատրաստվի քննություններին, Իմ ուսուցիչը թոշակի է անցել (ամենայն հավանականությամբ), Հրաչյան (տեր աստված, Հրաչյան՝ եղբայրս) ինձ մոռացել է, հա՞... Ավարայրի ճակատամարտը (451 թ. մայիսի 26) ապացուցեց հայ ժողովրդի անխորտակ կամքն ու հերոսական ոգին։


Գծ. 18.