Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/92

Այս էջը հաստատված է

ազատագրական պայքարի, Ավարայրի ճակատամարտի, պարսիկների լուծը թոթափելու մասին և այլն։ Այս ծավալուն խոսքը, սակայն, բաղկացած է նաև «մանրախոսքերից»։ Ասենք՝ Հայոց այրուձիու փախուստը, Անգղի հերոսամարտը, Ավարայրի ճակատամարտը, Արտաշատի ժողովր և այլն տարբեր խոսքեր են։ Սրանք էլ իրենց հերթին բաղկացած են առավել փոքր խոսքերից։ Այսպես էլ, դիցուք, «Գիքոր» պատմվածքն է, որը մեկ խոսք է՝ բուրժուական ապիկար աշխարհում արդար ու ազնիվ մարդու կործանման մասին։ Բայց մտածություն-խոսքը բաղկացած է ենթախոսքերից՝ Գիքորի քաղաք գնալը (1), ծառա ընկնելը (2), Համբոյի խրատը (3), Գիքորի «մուշտարի կանչելը» (4), կապիկ պարածելը (5), բախտ փորձելը (6), բալի «պատմությունը», Նատոյի դժգոհությունը (7), Գիքորի հանդիպումը համագյուղացիների հետ (8), նրա հիվանդանալը (9), մահը (10), սգավոր Համբոյի վերադարձը (11) և այլն։ Ինչպես ասացինք, խոսքը կարող է բաժանվել նաև «մանրախոսքերի», վերջիններս էլ՝ առավել փոքրածավալների, սրանք էլ իրենց հերթին կբաժանվեն կարճառոտ խոսքերի… Օրինակ՝ «բալի պատմությունը» կաոող է բաժանվել հետևյալ «մանրախոսքերի»՝ Գիքորին շուկա ուղարկելը (1), Արտեմի ու Գիքորի առևտուրը (2), բազազի «խորհրդածությունը» բալի մասին (3), Գիքորի վերադարձը տուն (4), բալի թանկության մասին նրա «խոսքը» (5), հյուրերի փռթկոցն ու «քաղաքավարի» հրաժարվելը (6), Նատոյի խայտառակվելը (7), Արտեմին հայտնելն այդ մասին (8), բազազի գազանաբար ծեծելը (9), Գիքորի ֆիզիկական և հոգևոր տանջանքն այդ առիթով (10)։ Հեշտ է նկատել, որ դրանցից յուրաքանչյուրն արտահայտվում է մի շարք նախադասություններով, ուրեմն՝ խոսքը նախադասությունների գումար է։ Ընդսմին, խոսքի մի ծայրը խարսխվում է պարզ համառոտ նախադասությանը, մյուսը՝ հատորների ծավալ ունեցող հաղորդակցական մեծագույն միավորին։ Օրինակ՝ մինչև մարդը «հասնի» այն եզրակացությանը, որ կապիտալիստական աշխարհն իրենից ներկայացնում է մի կատարյալ քաոս, որի խորտակվելն անխուսափելի է (Շիրվանզադեի «Քաոս»), նա պիտի իրար «գումարի» բազմաթիվ «մանրախոսքեր»՝ Ալիմյանի կտակը, մահը, քելեխի տեսարանը, կոնտրկտակի «պատմությունը», «ոսկի երիտասարդության», հրդեհի տեսարանի, Սմբատի ապրումները և այլն։ Սրանց սահմանները «դանակով հավասար կտրել» հնարավոր չէ, և դրա կարիքն էլ չկա։ Օրինակ՝ Հ. Թումանյանի «Հառաչանքը» մեկ խոսք է՝ ասված անարդար աշխարհի տմարդի հարաբերությունների մասին, սակայն ամեն տեսակի անարդարության մասին ասվածը ևս մեկ «մանրախոսք» է (լատանի, վազերի, մի թիզ հողի մասին եղած հատվածները), որը, սակայն, արտահայտվում է մի քանի քառատողերով։ Այս առումով ավելի հեշտ է չափածոյի խոսքերի մասնատումը, քան՝ արձակի, որովհետև հաճախ դժվարանում ես ասել,