Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/93

Այս էջը հաստատված է

թե տվյալ նախադասություն-միտքը ո՞ր խոսքինն է։ Սակայն դա էական չէ։ Էականն այն է, որ երկբայելի միտք-նախադասությունը բոլոր դեպքերում զետեղվում է որևէ խոսքում։

Խոսքը տարբերակելիս երբեմն հանդիպում ենք դժվարության, երբ այն համընկնում է նախադասությանը։ Հիրավի, կան բազմաթիվ նախադասություններ, որոնք միաժամանակ նաև խոսք են: Պետք է, սակայն, նկատի ունենալ, որ բոլոր նախադասությունները չեն, որ նաև խոսք են։ Օրինակ՝ Համբերությունը կյանք է. Թրի կտրածը կբուժվի, լեզվի կտրածը չի բուժվի:

Ծույլը աշխատելիս հիվանդ է, ուտելիս՝ առողջ:
Խելոքի հետ քար քաշիր, հիմարի հետ փլավ մի ուտի:
Ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում:
Համարձակությունը գործի կեսն է:
Լավ է կույր լինել աչքով, քան թե մտքով:
Ամեն գործի սկիգբն է դժվար:
Լավ է՝ խելոքը քեզ լացացնի, քան հիմարը ուրախացնի:

Դժվար չէ նկատել, որ այս և սրանք նման նախադասությունները միաժամանակ նաև խոսքեր են, քանի որ արտահայտում են ընդհանրական խոսք, իմաստուն մտքեր։ Այսպիսի խոսք-նախադասությունները մարդկանց դարավոր կենսափորձի արդյունք են։ Այդպիսին են առած-ասացվածքները, թևավոր խոսքերը, զանազան խրատական-դաստիարակչական բնույթի արտահայտությունները, ինչպես՝ Ուղտին գդալով մի ջրիր: Հագար անգամ չափիր, մեկ անգամ կտրիր: Շունը շանն ինչ պիտի անի: Շան անունը տուր, փայտը ձեռքդ առ: Բարեկամի հետ աղուհաց արա, բայց առևտուր մի անի: Հնգամյակին՝ բանվորական երաշխիք: «Կուսակցությունը մեր դարաշրջանի միտքն է, պատիվն ու խիղճը» (Լենին)․․․ Դժվար չէ նկատել, որ այսպիսի խոսքերը կարող են լինել և՛ ժողովրդական, և՛ անհատական։ Հիշենք Շեքսպիրի, Սայաթ-Նովայի, Տոլստոյի, Թումանյանի, Պարոնյանի իմաստուն խոսքերը։ Այս առումով շատ հարուստ է նաև Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպը («Մի ծաղկով գարուն», «Մի դալար բողբոջ՝ չորացած ծառի ճյուղին», «Անձրևից փախչողը՝ կարկուտի տակ», «Կույր աչքը կների, կույր սիրտը չի ների» և այլն)։

Ի դեպ, ժողովրդական իմաստուն խոսքերը հարստանում են նաև անհատական խոսքերով, ինչպես՝ «Սայլը տեղից չի շարժվում» (Ի. Կռիլով), «Լինե՞լ, թե՞ չլինել այս է խնդիրը» (Շեքսպիր), «Մահը մերն է,մենք մահինը» (Հ․Թումանյան) և այլն։

Այսպիսով՝ խոսք կոչվում է հաղորդակցական այն ամենամեծ միավորը, որն արտահայտում է մտածություն կտմ բառերով արտահայտվող «խտացված», ընդհանրական միտք (մտքեր)։