Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/94

Այս էջը հաստատված է
ԲԱՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ

Բարդ կոչվում է այն նախադասությունը, որն ունի երկու և ավելի ստորոգում։ Սխալ է կարծել, թե բարդ նախադասությունները պարզերի մեխանիկական գումարն են։ Ամենևի՛ն։ Նույնիսկ սխալ է բարդ նախադասությունների տարրալուծումը «պարզերի»։ Բոլոր տեսակի ու կառուցվածքի նախադասությունները «ծնվել», կազմավորվել են մարդու խոսքում և ունեն առարկայական հիմք։ Եթե որոշ մտքեր արտահայտվում են պարզ նախադասություններով, նույնիսկ մեկ բառով, ապա մտքեր կան, որոնք դրսևորվում են բարդ նախադասություններով, որովհետև վերջիններիս կազմի մեջ մտնողները (այսպես կոչված պարզ նախադասությունները) միասնաբար են արտահայտում այն, ինչ ցանկանում է հաղորդել խոսողը։ Օրինակ՝ Հրթիռն օդ բարձրացավ, երբ ամեն ինչ փորձարկվել էր նախօրոք: Այստեղ երկու ստորոգում կա, հետևաբար երկու նախադասություն, որոնք միմյանց հետ կապված են անբաժանելի՝ մտային և քերականական կապով։ Նույնիսկ անհնարին է դրանք գործածել ինքնուրույնաբար, որովհետև առանց մեկի մյուսը չի լինի: Ավելի՛ն. այդտեղ մեկը մյուսի քերականական լրացումն է ճիշտ այնպես, ինչպես, ասենք, պարզ նախադասության որևէ անդամը, տվյալ դեպքում՝ ժամանակի պարագան։ Այսպես էլ՝ Մենք մեկնեցինք այնտեղ, որտեղ սպասում էին մեզ: Ընդգծվածը նախորդ նախադասության տեղի պարագան է ճիշտ այնպես, ինչպես ասենք, Տղաներր գնացին գյուղ նախադասության «գյուղ» բառը։ Կամ՝

Հեյ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՜նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։ (Հ.Թ.)

Այստեղ ունենք մեկ բարդ նախադասություն, որի կազմի մեջ մտնող նախադասությունները միմյանց հետ կապված են ներքին, մտային տրամաբանական կապով և չեն կարող գործածվել առանձին-առանձին:

Ուրեմն՝ նրանց անջատումը կլինի զուտ արհեստական-մեխանիկական, որից և խոսքը, իհարկե, կտուժի, բանաստեղծական վսեմությունը կխաթարվի։ Այսպիսով՝ բարդ նախադասությունները մի բարդ ամբողջություն է, որի բաղադրամաս-պարզ նախադասությունները հետ կապված են մտային-ներքին անքակտելի հարաբերությամբ կամ, փիլիսոփայական լեզվով ասած, դիալեկտիկական հակադրամիասնությամբ։ Հաստատենք դա մի այլ օրինակով՝

1)Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում,
2)Ամեն անգամ, երբ նայում եմ, 3) թե ի՞նչքան է դեռ մընում,—
4)Զարմանում եմ, 5) թե ո՜վ Շռայլ, ի՜նչքան շատ ես տըվել ինձ,
6)Ինչքան շատ եմ դեռ Քեզ տալու, 7) որ միանանք մենք նորից: (Հ.Թ.)