Էջ:Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար (Syntax, additional manual for teachers).djvu/98

Այս էջը հաստատված է

Առաջին և երրորդ նախադասությունները համադասական են. իսկ 2-րդը (ժամանակի պարագա երկրորդական) և 4-րդը (պատճառի կամ հետևանքի պարագա երկրորդական)՝ ստորադասական։ Սրանում համոզվելու համար կարող ենք վերականգնել համապատասխան ստորադասական շաղկապները (երբ, քանի որ, որովհետև և այլն)։

Առհասարակ որևէ նախադասություն շարահյուսորեն վերլուծելիս պիտի գտնել ու ընդգծել՝

1) նրանում առկա ստորոգումը (կամ ստորոգումները). քանի ստորոգում կա, այնքան էլ՝ նախադասություն, եթե, իհարկե՝

ա) բայ-ստորոգյալները ոճական նպատակով չեն կրկնված (Գնա՜ց, գնա՜ց ասես մինչև աշխարհի վերջը).

բ) բայ-ստորոգյալները զուգաբայական հարադրությամբ չեն արտահայտված (Հասավ բերեց գիրքը։ Թռավ եկավ ինձ մոտ։ Կանգնեց մնաց տեղում).

գ) բայս-տորոգյալները բայական, նյութական բովանդակություն ունեն և ոչ թե ոճական եղանակավորող. Դե եկ ու մի խենթանա։ Բեր ձեռք քաշիր դրանից։ Ընդգծվածները այստեղ գործածվում են ոչ թե նյութական-բայական, այլ ոճական-եղանակավորող նրբերանգով:

2) Ելնելով ստորոգման արտահայտությունից՝ պետք է նախադասությունները համարակալել, որովհետև դա խիստ որոշակիություն է մտցնում և հեշտացնում ոչ միայն նախադասության կառուցվածքի ճանաչումը, այլ ընդհանրապես վերլուծությունը։ Այսպես, օրինակ՝ 1. «Համբոն ուզում էր՝ 2. իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, 3. մի գործի տա, 4. որ մարդ դառնա, 5. աշխատանք անի» (Հ. Թ.)։

3) Պետք է նկատի առնել այդ նախադասությունների կապակցական միջոցները (շաղկապական և անշաղկապ, շաղկապների տեսակներն ու արտահայտված հարաբերությունները) և պարզել`

ա) Եթե նախադասությունը համադասական է, նրա կազմի մեջ մտնող հաղորդակցական միավորների հարաբերությունների բնույթը։

բ) Եթե նախադասությունը ստորադասական է, գլխավոր և երկրորդական նախադասությունների հարաբերությունը, երկրորդականի շարահյուսական պաշտոնը։

գ) Եթե նախադասությունը խառը բնույթի է, այսինքն՝ համադասականի և ստորադասականի առկայությամբ ձևավորված, ապա մեկի կամ մյուսի գերակշռությունը։

4) Պետք է որոշել նախադասության անդամների պաշտոնները՝ վերլուծությունն սկսելով գլխավոր նախադասություններից։

5) Վերջապես, պետք է կազմել տվյալ նախադասության գծապատկերը։ Բացի այս բոլորից՝ համադասական և ստորադասական նախադասությունները տարբերակելիս պիտի անպայման հաշվի առնել ոչ թե