Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/106

Այս էջը հաստատված է

հեռացա խանութիս խորքը և հայտնեցի բոլորը Շմուլ Մոզերին։ Խորհուրդ կազմեցինք գործակատարների հետ։ Ես այն կարծիքին էի, որ պետք է մեր կանանց ու երեխաներին հեռացնենք Օդեսայից, իսկ ինքներս մնանք մեր կայքը պաշտպանելու։ Այսպես էլ արինք։ Ես իմ ընտանիքին ուղարկեցի Քիշնև՝ կնոջս ծնողների մոտ, իսկ Շմուլ Մոզերն իր մորը՝ Բենդեր։ Նա շատ էլ չէր հավատում համառ լուրերին և ոչ էլ այդ պարզ սպառնալիքներին։ Արդեն հրեաները շատ են հալածվել, ավելի տանջել նրանց չի կարելի։ Խե՜ղճ մարդ, չգիտեր, որ այլ էր մեր կարծիքը, այլ էր որոշումներ արձակողների տրամադրությունը․․․

Պարոն, ես ձեզ չեմ ձանձրացնիլ՝ պատմելով այդ աղետալի օրերի անցքը։ Դուք բավական տեղյակ եք, թեև շատ բան չգիտեք։

Եկան այդ օրերը հենց այն ժամանակ, երբ մեր գործերը ամենափառավոր դրության մեջ էին։ Երկնային ահե՜ղ դատավոր, Մովսեսի, Ահարոնի աստված, կգա՞, արդյոք, մի օր, որ դու պատժես մեր դահիճներին։ Ոչ այնպես, ինչպես այժմ օտարների ձեռքով, երկրից դուրս, այլ հենց այստեղ, իրենց հողի վրա, իրենց արյունակիցների ձեռքով։ Պարոն, քրիստոնյա պարոն, ես հավատում եմ նախախնամությանը և համոզված եմ, որ այդ օրը հեռու չէ․․․ նա արդեն մոտենում է ահռելի կերպարանքով։

Արշավանքն սկսվեց ուրիշ փողոցներից և միայն երկրորդ օրը հասավ մեզ։ Այն միջոցին, երբ մեր հարևան հրեաների խանութները կողոպտում էին, երբ տներից դուրս ձգվող մանկական անկողինների բուրդն ու փետուրը քամու բերանումն էին, կանանց և երեխաների աղաղակներն ու հեծկլտանքը լեցրել էին օդը, մենք փակված էինք խանութում։

Ես էի, Շմուլ Մոզերն ու Ռաբինովիչը. տասնչորս գործակատարներիցս միայն նա էր մնացել, այդ ազնիվ երիտասարդը։ Բոլորը գնացել էին պաշտպանելու իրենց մերձավորներին։ Ռաբինովիչ, ինչպե՞ս կարող եմ սառնարյուն հիշել քեզ, անվեհեր տղա, որ այնպես զոհվեցիր ինձ․․․

Եվ մենք երեքս պիտի պաշտպանեինք հազարավոր խուժանի դեմ հարյուր քսան հազարի ապրանք՝ քսանուհինգ տարվա դառն աշխատանքիս արդյունքը։