Շմուլ Մոզերն ասաց.
— Այզելման, թողնենք ամեն ինչ ճակատագրի կամքին։ Ես կյանքս գերադասում եմ կայքից։
— Իսկ իմ կյանքը կայքիս մեջ է,— ասացի ես։
Ռաբինովիչը բոլորովին ուրիշ կարծիք ուներ։
Նա ասում էր, որ ամեն մի հրեա պիտի սովորի զենքով պաշտպանել իր կյանքը և ինչքը։
Ահա մոտեցան խռպոտ բղավող ձայները։ Լսվեց քաղցած և կիսամերկ խուժանի դիվային քրքիջը։ Ես ու Շմուլը սարսափից կուչ եկանք պատի տակ։ Ռաբինովիչը հանեց գրպանից մի ատրճանակ և պահեց ձեռքում։
Մոտ մի ժամ տևեցին աղմուկը, կողոպուտը, կոտորածը մեր փողոցում։ Բայց մեր դռները դեռ անշարժ էին։ Հետո մի քանի րոպե տիրեց չարագուշակ լոություն։ Լսում էինք միայն բազմաթիվ քայլերի ձայներ։ Շմուլ Մոզերը կարծեց, որ մենք փրկվեցինք։ Ես մոտեցա դռներին, նայեցի նրանց արանքով դուրս։ Սիրտս ասում էր, որ այնտեղ պատրաստվում էր մեր դեմ մի վատ բան։ Եվ ահա ինչ տեսա. փողոցի մեջտեղում կանգնած էր Ագրինցևը, ձեռքում մի շիշ օղի։ Նա գոռաց.
— Անիծվածնե՜ր, ո՞ւր եք փախչում։ Զորքի՞ց եք վախենում։ Շարունակեցեք, ոչ ոք ձեզ չի խանգարիլ։ Այս կողմն եկեք, ո՞ւր եք վազում, ավանակնե՜ր։
Հետո շարունակեց.
— Ահա՛, լակեցեք այս շիշն էլ։ Չորրորդն է, վերջին հինգ ռուբլիս եմ ծախսել։ Լակեցեք։ Քա՛ջ եղեք։ Խփեցե՛ք, կոտրեցե՛ք դռները։ Սնդուկը ոսկով լիքն է։ Այստեղ, մի՛ հեռանաք, ապուշներ։ Լսո՞ւմ եք։ Էէ, ի՞նչ շքեղ ցուցանակ ունի։ Մտեք ներս, տեսեք։ Ամենքիդ մի բան կհասնի։ Բայց ձեռք չտաք այն մեկին, մորուքավորին։ Կբռնեք և ինձ կհանձնեք։ Նո՛ւ, սկսեցեք, շան զավակներ։ Մեկ, երկու, երեք, հուռա՜, կեցցե՜․․․
Խուժանը կրկնեց «հուռա» և «կեցցե»․․․
Շմուլ Մոզերը գոռաց.
— Այզելման, մագազինը կորած է, գոնե մեր գլուխներն ազատենք։ Բայց այլևս ուշ էր։ Դռները դղրդացին և խորտակվելով ընկան մայթերի վրա։ Աչքերիս առջև բացվեց