Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/109

Այս էջը հաստատված է

միայն թե կյանքս ինձ թողներ։ Ես ստորացա այդ սինլքորի առջև, որովհետև աչքիս առջև կանգնած էին զավակներս, որոնք պիտի մնային անխնամ։

— Մի՛ վախենար,— գոչեց Արգինցևը,— ես քեզ չեմ սպանիլ։ Ընդհակառակը, դու պետք է ապրես, որ միշտ հիշես Ագրինցևին։ Է՜յ, թավալեցեք այս քոսոտին գետին․․․

Սրիկաներից երկուսն օգնեցին նրան և ինձ թավալեցին։ Գրպանումս ունեի մի մեծ դանակ. այդ էր իմ միակ զենքը ամբողջ կյանքումս։ Այժմ ուրիշ է, այժմ ես ատրճանակ ունիմ և պիտի հրացան էլ ձեռք բերեմ։ Ես նշան արի թշնամու սիրտը, բայց վիրավորեցի միայն նրա թևը։ Կարծես նա ցավ չզգաց, ճիչ անգամ չարձակեց:

— Այզելման,— գոռաց նա ծնկները սեղմելով կրծքիս և կոկորդս բռնած,— ընկերդ ասաց, թե դուք ինձ թավալեցիք և խեղդեցիք։ Բայց այդպես չեն թավալում մեր օրենքով, այլ այսպես: Դե՜հ, հանիր լեզուդ․․․

Զուր էի ճիգ անում ազատվել նրա ձեռքերից։ Նա թքեց երեսիս և մի քանի անգամ ապտակեց։ Սրիկաները ոտքերով զարկում էին կողերիս։ Հասկանալի էր Արգինցևի միտքը։ Ես երես ի վայր շուռ եկա։

— Էէ, չե՞ս ուզում որ աչքերդ հանեմ, լեզուդ կտրեմ,— ասաց նա,— ոչինչ։ Թող այդպես լինի։ Այսքանն էլ բավական է, ես ուզում եմ միայն քեզ վրա մի նշան թողնել․․․

Նույն վայրկյանին գլխիս վրա փայլեց դանակի դեղին կոթը։ Զգացի սուր ցավ և հետո երեսիս վրա տաքություն։ Արյունս էր, որ խառնվելով հողի հետ, փակեց աչքերս։ Ես լսեցի.

— Է՜յ, սրիկաներ, ես միայն այս ականջն եմ վերցնում Այզելմանի հարստությունից։ Մնացյալը ձեզ լինի։ Բաժանեցեք․․․

Այստեղ ես ուշաթափվեցի․․․


Հրեան կանգ առավ: Օ՜օ, որքան ատելություն, վրիժառության կրակ և անզորության կսկիծ կային նրա խելացի աչքերի մեջ։ Մի քանի վայրկյան տիրեց լռություն։