Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/18

Այս էջը հաստատված է

դուրս գնալու, կինը դռների միջից շպրտեց մի բառ, որ մինչև այդ օրը չէր լսել նրա ընտանիքը:

– Անքանքար…

Այս մի հատիկ բառը կայծակի նման հարվածեց մարդուն, նա կանգ առավ, գունատվեց, գուցե վայր ընկներ, եթե չհենվեր պատին:

– Ա՛հ, դու էլ, անիրավ, դու էլ,– արտասանեց, երբ ուշքի եկավ:

– Այո, անքանքար: Մի՞թե մինչև հիմա չգիտեիր:

Ավելի ոչինչ չասաց կինը, դռներն ուժգին թափով ծածկեց և մտավ ներս: Նա չզգաց, որ իր ամուսնու ծայրաստիճան հիվանդ ինքնասիրությանը տվեց մի այնպիսի հարված, որպիսին երբեք չէր տվել:

«Անքանքար»,– հնչում էր Միսակ Ավալյանի ականջներում սոսկալի բառը, երբ անցնում էր ամբոխի միջով: Ահա, այդ չար ոսոխի դիվային մի քրքիջ էր, ավելի վիրավորական, քան թե լսեր «դու գող ես»: Եվ այս հարվածը տվեց նրան իր կյանքի հավիտենական ընկերը, նա, որը ընդհակառակը, պիտի լիներ իր պաշտպանը, թևեր տվողն ու խրախուսողը:

Անգո՛ւթ կին, վերջապես դառը մի բառ, որի մեջ ամփոփեցիր այն ճշմարտությունը, թե տասներկու տարի է նրան չես ճանաչում, չես գնահատում, չես կարեկցում անգամ: Ի՞նչ ես պահանջում նրանից: Կյանքի նյութական ապահովություն: Չէ՞ որ նա քեզ հազար անգամ ասել է, թե չի կարող տալ: Չի կարող, որովհետև այլ է ոսկու հետևից վազելը, այլ է գաղափարին ծառայելը և մեկը մյուսի հետ երբեք չի կարող հաշտվել: Նրա ուղին նեղ է, փշոտ: Նա պետք է լինի մերկ, անոթի, ինչպես եղել են մարդկության բոլոր ուսուցիչները, մտքի բոլոր հերոսները…

«Անքանքար»,– կրկնում էր Ավալյանը մտքում, այնպիսի շարժումներ անելով գլխով ու ձեռքերով, որ անցորդները իրավ, ունեին իրավունք նրան ցնորված համարելու:

Եվ այդ ասում է մի կին, որ պատիվ ու բախտավորություն ունի Ավալյանի ամուսինը լինելու: Ինչո՞ւ: Որպեսզի նրա ինքնասիրությունը վիրավորելով, հարկադրե նրան թողնել թանկագին երազները, տենչը մեծ մարդու և դառնալ մի խանութպան, մի գործակատար, անթև, անթռիչք, երկրին կպած մի ողորմելի որդ: Ո՛չ, տխմար կին, դու չես հասնիլ նպատակիդ: Քանի՛-քանի անգամ նա քեզ ասել է:

– Կին, հասկացիր, ես մեղավոր չեմ, որ իմ միջավայրը տգետ է, իմ ազգը գռեհիկ: Այնքան գռեհիկ, որ ընտիր զավակների մտքի սքանչելի արտադրությունները գրախանութներում փտեցնելը ոճիր չի համարվում:

Եվ նա «սքանչելի» բառն արտասանելիս միշտ մտածել է իր մի շարք