Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/27

Այս էջը հաստատված է

քեզանից լսել գանգատներ հայ հասարակության դեմ, շատ անգամ ես դու նրա հասցեին շպրտել վիրավորական կշտամբանքներ, թե գռեհիկ է, չգիտի արժանավայել գնահատել և վարձատրել իր մտավոր աշխատավորներին, այսինքն՝ քեզ և քեզ նմաններին։ Ասա՛, ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով։ Ո՞վ է քեզանից պահանջում զոհաբերություն կամ ո՞վ է կարոտ քո ոգևորությանը։ Ինչո՞ւ ես զոռով չգնահատված մարգարե ձևանում։ Ո՞ւմ են որևէ օգուտ տվել քո տափակ ոճով արտահայտված մտքերը, հո չի կարելի բռնի կերպով հաստատել, թե դու հայ ազգի փրկիչն ես։ Չէ՞ որ բացի քեզնից պետք է մի ուրիշն էլ զգա քո կարևորությունը։ Հապա ո՞վ է զգում, ասա, ցույց տուր գոնե մեկին։ Մի՞թե բոլորն էլ հիմար են կամ թշնամի, նախանձոտ, տգետ։ Այո՛, խոսք չունեմ, ինչպես ամենուրեք, մեր մեջ ևս կան չվարձատրված տաղանդներ, գիտեմ։ Բայց երդվում եմ ճշմարտաթյան անունով, որ դու նրանց շարքին չես պատկանում։ Հավատա, ամենից առաջ հենց նրանց աչքում ես ծաղրելի, ամենից առաջ հենց նրանք են քեզ արհամարհում։

Նա լուսամատը փակեց ն նորից նստեց։

Քանի մի վայրկյան տիրեց լռություն։ Ավալյանն անցել էր սենյակի մի անկյունը և, մեջքը պատին տված, լսում էր։ Նրա վտիտ մարմինը կծկվել էր ու փոքրացել այնպես, որ թվում էր, թե մի պահ ևս, և նա բոլորովին պիտի չքանա։ Կինը նայում էր նրան, սրտի խորքում կարեկցում։ Ծանր էր նրա համար լսել եղբոր անողոք քննադատությունը իր զավակների հոր մասին և պատրաստ էր պաշտպանել նրան։ Բայց ինչպես, ինչ ասել, չգիտեր։

— Ես հասկանում եմ քեզ,— արտասանեց Ավալյանը վշտից ու հուզմունքից երերվող ձայնով,– քույր ու եղբայր խոսք մի արած, դուք ուզում եք ինձ հրել բարձրությունից, ձգել վար և ձեզի պես գամել երկրին։ Դուք ուզում եք ինձ դարձնել մի հասարակ բեռնակիր, որպեսզի իմ ուսերի վրան ո՜չ միայն իմ զավակների հոգացողությունը, այլև ձեր իշխանությունը, ձեր կամքը, ձեր եսը լինի։ Բայց այդ ձեզ չի հաջողվիլ, երդվում եմ, չի հաջողվիլ որքան ևս աշխատեք։ Այո՜, թող ես ձեր աչքում լինեմ խելագար, այդ ինձ համար մինչև անգամ գովեստ է, բայց ձեր ուղին ինձ համար զզվելի է։ Ահ, դուք, ողորմելի խլուրդներ, ի՛նչ եք դուք ինձ համար, եթե ոչ գիշի վրա նոտած ճանճեր, որոնք արծիվների թռիչքի մասին երբեք, երբեք չեն կարող գաղափար կազմել։ Հաց, հաց, ահա ձեր գոյության Ան ու Ֆեն։

- Հետո՜, հետո՜,- կրկնեց հյուրը ամենայն սառնությամբ,– դա՞ է միայն ասելիքդ, ուրիշ ոչի՞նչ։ Բայց այդ բոլորը միայն ֆրազներ