Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/34

Այս էջը հաստատված է

հատուկ էր վատանուն ախտ ունեցողներին կամ ոգելից ըմպելիքները ի չար գործ դնողներին։

Վարձատրելով իր գոռոցներից և հրամաններից շփոթված բեռնակրին մի քանի կոպեկներ ավելի, շիկ համարեց ավելացնել երկու-երեք ռուսական հիշոցներ, որոնք, սակայն, շատ էլ թունդերից չէին։ Մարդը սովոր էր, երևի, անպատճառ վիրավորել սոցիալական սանդուղքի վրա իրանից վար կանգնողներին սոսկ այն պատճառով, որ վարձատրում էր նրանց քրտինքը։

Տեղավորելով իրերը, նա բատիստյա թաշկինակով սրբեց նեղ ու մսալի ճակատը և նստեց դիմացի նստարանի վրա։ Ապա գրպանից դուրս բերեց մի մեծ արծաթյա տուփ՝ ծածկված բազմաթիվ ոսկյա և ադամանդյա մենագրերով, վերցրեց մի ծխախոտ, զարկեց տուփին մի քանի անգամ մունդշտուկի կողմով, որպեսզի փոշին դուրս թափի և վառեց մեխանիկական նույնպես արծաթյա հրատուփից։

― Հեռո՞ւ եք բարեհաճում գնալ,― հարցրեց նա ինձ ռուսերեն, ծխախոտի առաջին ծուխն արձակելով իր գլխից վեր, որպեսզի երկրորդն երեսովս տա։

― Մոսկվա։

― Նախանձում եմ։

― Ինչո՞ւ։

― Ես շատ եմ սիրում Մոսկվան, ավելի քան Պետրոգրադը։ Բարի և հյուրասեր քաղաք է։ Այնտեղ կարելի է ապրել քիչ թե շատ մարդավարի։ Եթե գործերս չխանգարեին, կգայի ձեզ հետ, բայց ասացեք խնդրեմ,― շտապեց ավելացնել նա,― այս կուպեում, բացի մեր երկուսից, էլի ճամփորդներ կա՞ն։

Ես ասացի, թե կան երկու ռուս սպաներ։ Նրանք դրսումն են, և, երևի շուտով ներս կգան։

― Ա՛հ,― գոչեց ուղեկիցս ձեռն արհամարանքով թոթափելով օդի մեջ,― ես զինվորականներին ատելով ատում եմ։ Նրանք սիրում են սկանդալներ անել։ Եթե գիտենայի, ուրիշ կուպե կվերցնեի։ Բայց փույթ չէ, հետևյալ կայարանում կանցնեմ առաջին կլաս, մանավանդ որ սովոր չեմ երկրորդով ճամփորդելու։

Եվ, մի քանի անգամ ևս ծխի քուլաները բաց թողնելով գլխից վեր, ավելացրեց.

― Բայց ես սկանդալների երկյուղ չունեմ։ Ես գիտեմ նրանց զսպել և հարկը պահանջելիս մի լավ էլ խրատել։ Ես երկու անգամ օֆիցեր եմ ապտակել և մի անգամ էլ մի գեներալի ապուշ անվանել։ Դուք իմ մասին