Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/38

Այս էջը հաստատված է

ունենալով, չկամեցավ նրան ուղարկել պատերազմի դաշտը՝ հայրենիքի պատիվը պաշտպանելու։ Նա բարվոք համարեց, որ իր որդին էլ մնա որպես սոսկ կալվածատեր ու կառավարե տոհմային կալվածքները։

― Ուրեմն դուք կալվածատե՞ր եք,― հարցրեց Պաստուխովը, որ, ըստ երևույթին, շատ անհանգիստ էր իր ուղեկցի սոցիալական դիրքի վերաբերմամբ։

― Այո, ունիմ մի հինգ-տասը կտոր հողեր զանազան տեղերում։

― Հուսով եմ և ազնվակա՞ն եք։

― Մարդու ծագումը ճանաչվում է նրա վարմունքից ու ձևերից,― պատասխանեց Տարաշչենկոն համեստորեն։

― Ձեր վարմունքն ու ձևերը միանգամայն ազնվնականի են,― նկատեց Տարաշչենկոն, որ վաղուց էր հափշտակվել Ալթունովի հյուրասիրությամբ։

― Բայց ներեցեք, Արկադիյ Մարկովիչ Ալթունովը համեստ մարդ է։ Նա երբեք չէր խոսիլ իր ազնվական ծագման մասին, եթե չստիպեիք խոսել։ Գիտեք, պարծենալու համար չի ասում, այլ այնպես․ նրա մայրը իշխանական տոհմից է, իսկ հայրը հին հայկական թագավորական տոհմից։ Այս մասին նա ունի անվիճելի փաստաթղթեր, բայց ուշադրություն չի դարձնում նրանց վրա, որովհետև․․․

― Որովհետև հայկական թագավորական ծագումը ոչինչ արժեք չունի Ռուսիայիում,― լրացրեց Պաստուխովը մի տեսակ չարախնդությամբ։

― Մի՛ ասեք, պարուչիկ, մի ասեք, արժեք ունի,― շտկեց ընկերոջ անքաղաքավարությունը բարեսիրտ Տարաշչենկոն, որի առանց այն էլ կակուղ սիրտը բոլորովին փափկել էր ոգելից ըմպելիքներից։― Ինձ հայտնի է, օրինակի համար, որ հայերը հին ազնվական ազգ են և քրիստոնեություն ընդունել են մեզնանից հարյուր տարի հետո։ Եթե չեմ սխալվում, Ալեքսանդր Մակեդոնացու մայրն էլ հայ է եղել։

― Բոլորովին ճիշտ է,― հաստատեց Ալթունովը կապիտանի պատմական հմտությունը,― բայց ես չեմ պարծենում ոչ Ալեքսանդր Մակեդոնացու մորով և ոչ էլ ուրիշներով։ Եթե ես պարծենկոտ լինեի, ավելի մոտիկ անցյալով կպարծենայի։ Օրինակի համար, կասեի, որ իմ հոր հայրը վրաց վերջին թագավորի քրոջ որդին է և մի տարի որսի ժամանակ տասնումեկ վագր է սպանել։ Գիտեք, Կովկասի անտառներում վագրեր շատ կային։ Ռուս զորքերն եկան թե չէ, այդ սոսկալի գազանները փախան Հնդկաստանի խորքերը։ Եթե հետաքրքրվում եք, բարեհաճեցեք գալ իմ դղյակը, ես ձեզ ցույց կտամ սպանված առյուծների մորթիները։

Ալթունովը ճիշտ այդպես էլ ասաց՝ «դղյակ»։