Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/43

Այս էջը հաստատված է

— Գիտեք,– ավարտեց Ալթունովն իր խոսքը, ոտքի կանգնելով,– երևակայել չեք կարող, թե նրանք ինչպես ամաչեցին: Նրանք ոչինչ չկարողացան ասել: Նրանք մինչև անգամ համաձայնվեցին ինձ հետ և ցավ հայտնեցին որ, լինելով պետական ծառայության մեջ, չեն կարող համարձակ խոսել:

Ես, իհարկե, ձևացրի, թե հավատում եմ Ալթունովի ասածներին: Չէ՞ որ ես քնած եմ եղել, ոչինչ չեմ լսել ու տեսել:

Հաջորդ կայարանում մեր կուպեն մտան երկու ինչ-որ թուրքեր՝ մի-մի դաշույն մեջքներին կապած:

Մեկը նրանցից շիկահեր երիտասարդ էր՝ սափրած երեսով: Հագած էր սև ատլասյա արխալուղ, վրեն կարճ պիջակ, ոտքերին երկայնավիզ կոշիկներ: Գլխին դրած էր Բուխարայի մորթուց կարած փոքրիկ գդակ:

Մյուսը ծեր էր, դեմքը խոշոր կնճիռներով ծածկված, թեև ընչացքը ներկած էր և ծայրերը խնամքով սանրած: Նա հագած էր երկայն չուխա լայն փեշերով, ուսերի վրա չուխայից կարճ մոխրագույն վերարկու՝ պղնձյա ոսկեփայլ կոճակներով:

Ես նորեն բարձրացա իմ տեղը, որպեսզի չխանգարեմ նորեկներին միմյանց քով տեղավորվելու վարի նստարանի վրա:

Ալթունովը կարողացավ հարմար վայրկյան որսալ ականջիս շշնջալու:

— Ահա մի զույգ ևս ցանկալի հյուրեր,— ինչ ասել կուզե: Չէ՛, ես էլ պիտի պառկեմ քնելու, եթե միայն կարելի է քնել դրանց գարշահոտությանն մեջ:

Ներս մտավ կոնդուկտորը կուպեի մոմը վառելու:

— Ինչո՞ւ այդպես ուշ,— դիտողություն արավ Ալթունովը, թեև ուշ չէր,— կարծեմ կարող եք ձեր պարտականությունը ժամանակին կատարել:

Կոնդուկտորը, որ կանգնած էր նստարանի վրա, վառ լուցկին ձեռքին, նայեց վերից վար մի տեսակ արհամարհանքով և ասաց:

— Ես չգիտեի, որ դուք այստեղ եք:

Նրա հեգնական տոնը Ալթունովի ինքնասիրությունը վիրավորեց: Ուղեկիցս ձեռքերը դնելով պանթալոնի գրպանները և գլուխը հպարտ բարձրացնելով, գոչեց.

— Կոնդուկտո՛ր, բարեհաճեցեք մարդկանց ճանաչել և համապատասխան տոնով խոսել նրանց հետ:

— Ճանաչում եմ, - պատասխանեց կոնդուկտորը, առանց երեսը