վերջապես Ալլահյար-բեգ Մյուլքադարովը, ուսերը վեր քաշելով, որպեսզի վերարկուն չընկնի։
— Ինչպե՛ս չէ, ինչպե՛ս չէ,— գոչեց Ալթունովը,— բոլոր անտառներս այրեցին կամ կտրատեցին, այնպես որ այժմ ես չգիտեմ՝ կալվածք ունեմ, թե՞ ոչ։ Իսկ դուք, երևի, նույնպես վնասվել եք,— շտապեք հարցնել։
— Տունը քանդվի տունս քանդողների,— հառաչեց Ալլահյար-բեգը։
— Ովքե՞ր էին։
— Ձեր հայերը։
— Հայ-թուրքական ընդհարումների ժամանակ։
— Հենց այդ անիծյալ տարին։ Նրանք սրիկաների և գլուխ կտրողների փոխարեն ինձ պատժեցին։ Այրեցին տներս, գոմերս, ամբարանոցներս, թալանեցին գույքս․․․ Հարյուր հազար ռուբլու վնաս հասցրին ինձ․․․
Կարծես Ալթունովն իսկ և իսկ մի այդպիսի առիթի էր սպասւմ, որ լիովին արտահայտվի։ Անմիջապես բորբոքվեց, կարմրեց, ու սկսեց կատաղի խսսքերով պարսավել այդ ընդհարումները։ Նա ասաց, թե Կովկասի «հերոսական պատմության մեջ է 1905 թվականը» կբռնե մի շատ ամոթալի էջ, նա պնդեց, թե դա մի սոսկալի վայրենություն էր, որ կատարվեց, մի խայտառակ եղբայրասպանություն, որի համար պիտի ամաչեն ապագա սերունդները և այլն, և այլն, և այլն․․․
— Բայց լսեցե՛ք,— շարունակեց նա,— ես ինքս թեև ծագումով հայ եմ, սակայն ճշմարտությունը ամենից ավելի եմ սիրում, մեղավորները հայերն են, այո՜, հայերը։
— Դուք էլ եք մեղավոր, մենք էլ,— ուղղեց երիտասարդ բեգը, ձեռը տանելով արխալուղի տակ, որ մեջքը քորե։
— Ո՛չ, ո՜չ, դուք մեղավոր չեք, ո՛չ։
— Ինձ թվում է, որ մեղավորը Շեյթանն է,— ուղղեց ծերունի բեգը, կամենալով փրկել հայրենակցիս ազգայնական ինքնասիրությունը, որ պատրաստ էր անդունդը գլորվել։
— Շեյթանն ինքըստինքյան,— համառեց Ալթունովը,— բայց ես էլի պնդում եմ, որ հայերն են մեղավոր, պետք է արդարասեր լինել, ինչ անենք, որ ես ծագումով հայ եմ, ճշմարտությունն ամենից առաջ։ Ես կարող եմ թուրքերին ավելի սիրել, քան իմ հայրենակիցներին։ Այնպես չէ՞, Ալլահյար-բեգ, մեկը մյուսին չի խանգարում։
— Չի խանգարում,— պատասխանեց ծերունին ուսերը տարակուսանքով վեր քաշելով,— բայց ես կարծում եմ, որ ամեն մարդ պարտավոր է նախ և առաջ իր միլլաթը սիրել, հետո ուրիշներին։ Բացի դրանից,