Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/54

Այս էջը հաստատված է

մեղավորը ոչ հայերն են, ոչ օտարները։ Կացո, հանգամանքներն են մեղավոր, մեկ էլ ինքներս, վրացի ազնվականներս։

— Այդ ինչպե՞ս,— հարցրի ես։

— Այնպես, մենք ծախում ենք, կապիտալիստները գնում են։ Որ չծախենք, ո՞վ կարող է զոռով գնել։

— Բայց ինչո՞ւ են գնում,— ասաց Ալթունովը,— հայերը չպիտի գնեն։

— Խնդրում, աղաչում ենք գնել, վաա՜,— ավելի տաքացավ իշխանը,— օրինակ, մեկը ես։ Տասնհինգ տարի է բանկին տոկոսներ եմ վճարում, քանդվեցի, վա՜։ Պարտքերի մեջ, ա՛յ, մինչև կոկորդս եմ խրվել։ Վճռեցի, վերջապես, կալվածքս ծախել։ Սատանան տանի, գոնե մի երկու տարի կուշտ կապրեմ ու այդ անպիտան գյուղացիներից կազատվեմ։ Առաջարկեցի բանկին վերցնել իր իսկական գնով՝ մերժեց։ Առաջարկում եմ գյուղացիներին պակաս գնով՝ մերժում են։ Փող չունենք, ասում են, վա՜, ես մեղավո՞ր եմ, որ նրանք փող չունեն։ Ինձ էլ հենց փող է հարկավոր ապրելու համար, ազգասիրությունը ինչի՞ս է պետք։ Այժմ ինձ հարցրեք, որտեղի՞ց եմ գալիս և ո՞ւր եմ գնում։

— Երևի Բաքու եք գնում,— ասացի ես։

— Հաա՜, հա՜, իսկ և իսկ Բաքու։ Ինչո՞ւ եմ գնում, կացո՛, կարոտե՞լ եմ նրա մազութի հոտին։ Գնում եմ կալվածքս մեկին առաջարկելու։

— Ո՞վ է այդ մեկը,— հարցրեց Ալթունովը։

— Նավթա-արդյունաբեր Մարալյանցը, նա փող շատ ունե։ Անցյալ տարի նա Եվլախի մոտ գնեց մի մեծ կալվածք։ Լսեցի, որ այժմ այնտեղ է։ Երեկ Քութայիսից եկա նրան տեսնելու, չկար։ Ասացին՝ գնացել է Բաքու։ Հիմա վազում եմ այնտեղ։ Դե՜հ, ուրեմն, էլ ի՞նչ մեղք ունեն հայերը կամ ուրիշները։ Եթե կամենաք, մենք դեռ շնորհակալ ենք նրանցից, որ չեն թողնում բանկերին մեր կալվածներն աճուրդով կես գնով վաճառելու։

Ալթունովը լուռ էր։

Բայց ինձ համար միանգամայն անհասկանալի էր այն, որ մի ակնարկ անգամ չարավ իր քութայիսյան կալվածքի մասին։ Այս բանն ինձ այնքան հետաքրքրեց, որ չկարողացա ինձ զսպել և հարցրի.

— Ասա՛ խնդրեմ, պարոն Ալթունով, ձեր կալվածքը, որ նույնպես Քութայիսի նահանգումն է գտնվում, տոհմակա՞ն է, թե՞ վրացիներից գնված։

Նա թեթև ցնցվեց և նայեց ինձ մի տեսակ կես-կատաղի ու կես-աղերսական հայացքով։