― Ավազակներ, այդ ինչ եք անում այստեղ,― գոռաց Սիմոնը, բռունցքները սեղմելով,― ես ձեր գլուխը կջարդեմ։
― Չես կարող,― արտասանեց Վահանը։
Սիմոնը նկատեց, որ նա մի ձեռը տարավ գրպանը։ Որդու այդ սպառնալի շարժումը սպառեց Սիմոնի համբերության վերջին կաթիլը։ Նրա ուղեղը պղտորեց։ Նայեց արյունալի աչքերով աջ ու ձախ։ Պատի դարակներից մեկի վրա դրած էր մի աղյուս, որ Շողիկը գործ էր ածում դանակները ժանգից մաքրելու համար։ Մի ակնթարթում Սիմոնը վերցրեց աղյուսը ու ուժգին թափով ձգեց Վահանի վրա։ Հարվածը հասավ ուղիղ Վահանի ճակատին։ Եվ նա մի խուլ ճիչ արձակելով փռվեց գետնի վրա։ Որդու արյունը շառագեց մոր աչքերը։
― Այդ ի՞նչ արիր, գազան,― գոչեց Շողիկն ու ընկավ որդու վրա։
― Արի, ինչ որ պարտավոր էի անել։ Այժմ թող ինձ դատեն աստված և մարդիկ։
Եվ անմիջապես հագնվելով, վերցրեց Վահանի գողացած փողերը և գնաց ոստիկանատուն անձնատուր լինելու իբրև որդեսպան։