կարմիր-կապտագույն թորոշմած դեմքը։ Այդ անբնական փքված այտերը, թերթերունքներից զրկված կոպերը, արյունալի պլզած աչքերը, թարախով լի բշտիկներով ծածկված քիթն ու ճակատը կրում էին ոչ միայն ոգելից ըմպելիքների կործանիչ ազդեցությունը, այլև մի սոսկալի մարմնավոր ախտի զզվելի դրոշմը։ Դա անգործ, արբշիռ շրջմոլիկի մի տիպար էր, փողոցի սեփականություն։ Մեկն այն թշվառներից, որոնց անողոք ճակատագիրը քաշում էր դեպի կյանքի ստոր խորշերը, որպեսզի այնտեղ ոչնչացնե նրանց անհետք, ինչպես անբնական անասունների։
Արամը շաբաթը մեկ անգամ տեսնում էր այդ եղկելի արհեստանոցի դռների առջև կանգնած՝ սովորական տուրքին սպասելիս։ Տեսնում էր նրա օր-օրի վրա վայր ու վայր ընկնելը և ցավում էր ու վշտանում, որպես կարող է վշտանալ միևնույն արգանդից ծնված եղբայրը։ Նա վաղուց էր իր եղբորը համարում կորած և վաղուց էր դադարել համոզել նրա հետ դառնալ դեպի անդունդ տանող ճանապարհից, մի անգամ առմիշտ համոզվելով, որ ոչ մի խրատ և ոչ մի քարոզ չի կարող փրկել նրան։ Հարբեցողությունը, սուտը, անամոթությունը, խաբեությունը, ծուլությունը այդ մարդու մեջ գտել էին հավիտենական բուն։ Վերջին ժամանակները նա սկսել էր մինչև անգամ գողության անել, թեև այնքան զգույշ, որ դեռ ոստիկանության ձեռքը չէր ընկել, կամ գուցե ընկել էր և դուրս պրծել․․․ սովորական ճանապարհով։ Այս բոլոր ախտերը հայտնի էին Արամին, և նա դեռ եղբայր էր համարում նրան, դեռ օգնում էր նրան․․․ կարեկցությունից դրդված։
Իսկ այժմ․․․ Այժմ պատահել էր մի բան, որի հետ չէին կարոդ հաշտվել Արամի զգացումները։ Նա նայեց եղբոր կարմրած աչքերին, որոնց իմաստն այսօր աոաջին անգամ թվաց նրան այնչափ կասկածելի և հրող, ու զգաց դեպի նա նոր տեսակի ատելություն։ Ատելություն, որ խառն էր սուր զզվանքի հետ։ Այն մարդը, որ մինչև այժմ նրա մեջ զարթեցրել էր միայն ամոթի, կարեկցության և վշտի զգացում, այսօր թվաց նրան այնպիսի մի արարած, որին համենայն դեպս կարեկցել չէր կարելի։ Եվ տպավորությունն այնքան խորն էր, որ Արամը հանկարծակի ցնցվեց։
— Այո, եղբայր,— շարունակեց Միսակը, տեսնելով, որ իր խոսակցությունը այսօր, հակառակ սովորականին, գրավում էր եղբոր ուշադրությունը,— ես շատերին եմ ասում, իսկ քեզ պարտավոր եմ ասել, որովհետև հարազատ եղբայրդ եմ, այն էլ մեծ եղբայրդ, լսիր, լավ լսիր։
Նա մի քայլ ևս աոաջ դրեց և բերանը մոտեցրեց եղբոր ականջին։
— Այստեղ քո կազմարանում դու ունիս մի քանի արհեստավորներ։ Ջահել տղերք են, տաք գլուխներ, չեն հասկանում ինչ են անում։ Ահա