Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/72

Այս էջը հաստատված է

Ահա նրանք են քեզ փորձանքի մեջ գցել, վկա է աստված։

Սուս, մեր մեջ մնա, նրանց ոչինչ չասես։ Կարող են ինձ մյուս աշխարհն ուղարկել․․․

— Ամենքից վտանգավորները կազմարարներն են, որովհետև նրանք գիրք շատ են կարդում։ Հըմ, ճշմարիտ չե՞մ ասում։ Լավ մտածիր։ Հենց մեկը դու։ Օ՜, օ, ես գիտեմ, թե ինչեր ես կարդացել, է այժմ գլուխդ ինչով է լցված․․․

— Հետո, հետո,— ընդհատեց հանկարծ Արամը, որ մինչև այդ ժամանակ լուռ էր և զննող հայացքով նայում էր եղբորը,— շարունակիր։

— Ուրիշ ոչինչ, ես ասացի բոլորը։

— Ինչո՞վ է լիքը գլուխս, հըմ, ինչո՞վ։

— Թքիր, ես քեզ հետ կռվելու չեմ եկել այստեղ։ Թողնենք։ Վախենում եմ։ Մեկ էլ տեսաք կնիկդ եկավ, երեսիս թքեց, վզակոթիս տվեց և դուրս արավ տնից։ Հա, հա, հա, տնից դուրս արավ։ Ինչպես, քանի որ տունդ իսկի՛ մի անգամ էլ ոտ չեմ դրել։ Չես թողել, որ ներս մտնեմ։ Կնիկդ ինձ ատելով ատում է։ Ինձ, կոլեժսկի ռեգիստրատորիս։ Ո՞վ։— Մի կալատոզի աղջիկ։ Մի նեղանար, եղբայր, կնիկդ քեզ շատ է փոխել։ Առաջ դու ավելի բարի էիր։ Նա զզվում է ինձանից։ Ինչու՞։ Որովհետև պիջակս յուղոտ է, պատառոտված, շապիկիս վրա գինու բծեր կան, օձիքս սևացած է, կոշիկներս ծակ, վարտիքիս ծայրերը գզգզված՝ գլխիս կեղտոտ մազերիս պես։ Իսկ քիթս, նրա ասելով փտած բադիրջանի է նման։ Հոտ է գալիս ինձանից, ինչպես խոզից կամ շնից։ Խի, խի, խի․․․ Տերը նրա հետ։ Կալատոզի աղջիկն իրան կոմսուհի է համարում։ Մի նեղանար, եղբայր, ես ճշմարիտ եմ ասում։

— Իմ կնիկը բոլորովին այդ բաների համար չէ, որ քեզ ատում է, Միսակ,— արտասանեց Արամը այնպիսի հուզումով, որից նրա ձայնը դողաց,— իմ կնիկը քեզ շատ բաներ է ներել, էլի կների, եթե դու չլինեիր․․․

Նա կանգ աոավ, շրթունքները սեղմելով ատամներով։

— Եթե ես ի՞նչ չլինեի, ասա, ասա, ինչո՞ւ կիսատ թողեցիր։ Էհե, բարեկամ, դու ինձ հիմար չկարծես, հասկանում եմ ինչ էիր ուզում ասել։ Ես հարբեցող եմ, անզործ, անպիտան, փչացած․․․ Միսակը նայեց եղբորը, որ կարմրած հիվանդոտ աչքերով և տարօրինակ ժպտաց։

֊— Ախ, եղբայր, եղբայր պատվական,— խոսեց նա մի քանի վայրկյան լոելուց հետո,— նայում եմ քեզ և ուրախանում։ Ինչ ահագին տարբերություն կա քո և իմ մեջ։

Դու օրինավոր մարդ ես, երևելի կազմարար, հա, հա, հա, կրթված կազմարար, իսկ ես․․․ թյու, ահա թե ինչ եմ, ցեխ, աղբ․․․ հա, հա, հա, ինտելիգենտ մարդկանց հետ ես նստում ու վեր կեեում։ Լրագրերում հոդվածներ ես գրում արհեստավորների ու