— Գիտես, ավելի վատ քեզ համար։ Իմացիր ուրեմն, որ ես այժմ ատում եմ մինչև անգամ իմ հոր գերեզմանը։ Ինչո՞ւ նա ինձ աշխարհ գցեց։ Այո, այս այնքան ճշմարիտ է, որքան և այն, որ կազմարարներիդ սոսնձի հոտն ինձ սկսում է արդեն զզվացնել։ Գլխիս ցավից էլ այստեղ կանգնել չեմ կարող։ Տուր ինձ երեք ռուբլին։ Ես չգիտեմ այսօր քեզ ինչ է պատահել, որ այդպես ուշացնում ես։ Առաջ, որ գալիս էի ստանալու, շտապում էիր շուտով տուրքդ ձեռքս դնել և ինձ ճանապարհ գցել։ Տուր, շուտ արա, այսօր դեռ կոկորդս չեմ թրջել։ Ուզում եմ մի երկու բաժակ ներս ուղարկել, հետո մտնել ամբոխի մեջ։ Տես, այն կողմ նայիր, դու խոմ մեկին տեսար թիկնապահներով քոռ Մաթոսի բաղնիքը գնալիս։ Այժմ, երկուսին էլ տանում են։ Այ, մտիկ արա, մեկը ուսանող է, մյուսը ատաղծագործ․․․ Հա, հա, հա,— ծիծաղեց արբշիռը բարձրաձայն մի այնպիսի անախորժ ծիծաղով, որից Արամը ցնցվեց ոտից մինչև գլուխ։
Պատահեց մի բան, որին Միսակը չէր կարող սպասել։ Արամի աչքերը լցվեցին արյունով։ Նա գունատվեց։ Հետո կարմրեց, հետո կապտեց և հանկարծ, կատվի արագությամբ, հարձակվեց եղբոր վրա, բռնելով նրա օձիքից, գոռաց.
— Լռիր, լռիր, գարշելի, ապա թե ոչ՝ խելքս կորցնում եմ։
Միսակը մի կերպ ազատվեց եղբոր ձեռքից, մի քայլ հետ կանգնեց վախեցած։
— Ի՞նչ պատահեց քեզ, դու իսկ որ խելքդ կորցրիր,— ասաց նա շնչասպառ։
— Արի ներս, փողոցում նայողներ կան, արի ներս, ես քեզ հետ գործ ունեմ,— գոչեց Արամը և բռնելով եղբոր ձեռքից, ուժով քաշեց, տարավ արհեստանոց։
Այնտեղ ոչ ոք չկար։ Օրը կիրակի էր, Արամի արհեստավորներն ու աշակերտներն ազատ էին։ Առաջին սենյակը, ուր տարավ Արամը եղբորը, ներկայացնում էր կեսընդունարան և կեսարհեստանոց։ Նա քաշեց եղբորը մի մութ անկյուն և, սեղմելով նրան պատին, մի ձեռքով բռնեց նրա օձիքը և ասաց.— Այսօր դատի օր է, դու պետք է ինձ հաշիվ տաս։
— Բաց թող օձիքս, բաց թող ասում եմ։ Դու գժվել ես։ Ինչի՞ մասին ես ինձանից հաշիվ պահանջում։ Մեր հայրը ժառանգություն չի թողել։
— Թողել է, անիրավ, թողել է,— մռնչաց Արամը, ավելի սեղմելով նրան պատին,— մի մաքուր անուն։ Դու ապականել ես այն։ Հենց այս պահին պիտի հաշիվ տաս։ Եվ այսօր, անպատճառ այսօր։ Ասա այս րոպեին, ո՞ւր է իմ նախկին աշակերտը, այն խելոք, աշխատասեր Հակոբը, որ իր շրջանի պարծանքն էր, ո՞ւր է։